Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենը ևս մեկ անգամ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել է 20 երկրների համար 10 մլն չափաբաժին պատվաստանյութ հատկացնելու անհրաժեշտությանը: Խոսքն այնպիսի երկրների մասին է, որոնք դեռ պատվաստման արշավ չեն սկսել:

Ինչպես փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը, ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը, ելույթ ունենալով ճեպազրույցի ժամանակ, փաստել է, որ կոչը, որով հանդես էր եկել անցյալ շաբաթ, դեռևս գործնական արդյունք չի ունեցել:

«Անցյալ շաբաթ ես հրատապ խնդրանքով դիմեցի երկրներին, որոնք «Քովիդ-19»-ի դեմ պատվաստանյութ ունեն, որոնք ընդգրկված են ԱՀԿ-ի՝ առաջարկվող դեղամիջոցների ցանկում, որպեսզի 10 մլն չափաբաժին հատկացվի անհապաղ օգտագործման համար: Այդ 10 մլն չափաբաժինն անհրաժեշտ է, որ 20 երկրներ սկսեն պատվաստումները մինչև ապրիլի 10-ը, երբ կլրանա 2021 թվականի առաջին 100 օրը»,- պարզաբանել է ԱՀԿ ղեկավարը:

ԱՀԿ-ն մեծ նշանակություն է տալիս COVAX ծրագրին, որին 190 երկիր է մասնակցում: Ծրագրի պայմանների համաձայն՝ եկամտի բարձր մակարդակ ունեցող երկրները վճարում են ոչ մեծ եկամուտ ունեցող երկրների համար պատվաստանյութ ձեռք բերելու դիմաց: Ըստ նախատեսված ծրագրի՝ 2021 թվականի ընթացքում պետք է ողջ աշխարհում արտադրվի և հավասարապես բաշխվի 2 մլրդ չափաբաժին պատվաստանյութ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել