Armeniasputnik.am-ը գրում է.

Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները գոհունակությամբ նշել են, որ Լեռնային Ղարաբաղում անշեղորեն պահպանվում է հրադադարի ռեժիմը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ղարաբաղում տիրող իրավիճակը, արձանագրել, որ իրավիճակն ընդհանուր առմամբ կայուն է։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ Գոհունակությամբ նշվել է, որ իրադրությունն ընդհանուր առմամբ կայուն է, իսկ հրադադարի ռեժիմն անշեղորեն պահպանվում է», - ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել