ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Տեր-Թադևոսյանների ընտանիքին՝ իր մարտական ընկերոջ, անվանի ռազմական գործիչ, ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան կապակցությամբ:

Ցավակցական հեռագրում մասնավորապես ասված է.

«Խոր ցավով տեղեկացա Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան մասին:

Նա գնաց միանալու հանուն հայրենիքի գիտակցված մահը որպես անմահություն ընտրած մեր բազմաթիվ մարտական ընկերներին:

Արկադի Տեր-Թադևոսյանի ողջ կյանքն ու գործունեությունը անտրտունջ և անմնացորդ ծառայություն էր հայրենիքին:

Մեծ է նրա ավանդը մեր բանակաշինության, Արցախյան ազատագրական պայքարի կազմակերպման գործում:

Ուզում եմ հավատալ, որ հայոց անկոտրում ոգին կրկին կարթնանա, և հայրենապաշտ նոր սերունդը, ինչպես մենք՝ ժամանակին, մի նոր «Հարսանիք լեռներում» կկազմակերպի՝ որպես ամենամեծ հարգանքի տուրք իր ազգի հերոսներին:

Խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Արկադի Տեր-Թադևոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, մերձավորներին, մեր բոլոր մարտական ընկերներին:

Հանգչի՛ր խաղաղությամբ, հայրենիքի զինվոր»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել