Hraparak.am-ը գրում է.

Արմավիրի մարզի Ծիածան գյուղի բնակիչ Անահիտ Սարգսյանը 44-օրյա պատերազմում մեկ օրվա տարբերությամբ՝ հոկտեմբերի 13-ին, կորցրել է եղբորը՝ Տիգրանին, և եղբորորդուն՝ Կարենին՝ Հադրութում։ Անահիտ Սարգսյանը «Հրապարակին» հայտնել էր, որ «Էկլոֆ» վարկային կազմակերպությունը բռնագանձման հայցով դիմել էր դատարան։

Կազմակերպությունից մամուլի և հասարակայնության հետ կապերով զբաղվող Վահեն «Հրապարկին» հայտնեց, որ իրենք անհրաժեշտ զիջումներ այդ ընտանիքին արել են, մնացածը կարող են հարցնել նրանցից։
Անահիտ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ վարկային կազմակերպությունը զիջել է տույժերն ու տուգանքները՝ շուրջ 100 հազար դրամի չափով, սակայն մայր գումարը՝ ոչ։

Եղբայրն այլ վարկեր էլ է ունեցել տարբեր բանկերում, որոնք բոլորն էլ ամբողջությամբ ներել են պարտքը, որը կազմել է մոտ 10 միլիոն․ «Ներել է «Արդշինբանկը»․ «Արեգակը», «Գլոբալը», «ՎՏԲ»-ն, «Ինեկոն»»,- ասաց Անահիտ Սարգսյանը։ Ավելին՝ «Ակբաբանկն» էլ զիջել է Անահիտի վարկի տոկոսները՝ մեկ տարով։ 

Նա նշում է, որ բանկը նոր ժամանակային գրաֆիկ կազմելու և կամ դատարան դիմելու մասին ծանուցագիրն ուղարկել է իր 91-ամյա մորը, որն անգամ չգիտի էլ, որ որդին ու թոռը զոհվել են։

«Ինքն ամեն օր նայում է նկարներին ու ասում է՝ բա ե՞րբ է Կարենը գալու, բա ե՞րբ է Տիգրանը գալու։ Մենք եթե իրեն անգամ ասենք էլ, կարող է մի տասը րոպե հետո չհասկանա, կամ մի այլ կատաստրոֆիկ դեպք տեղի ունենա։ Մենք ասում ենք` կգա, մամա։ Բայց ամեն օր թոռնիկին է հարցնում, տղային` էդքան չէ։ Ու միշտ հայացքը դռան կողմն է»,-ասաց տիկին Անահիտը։

Ի դեպ, նա ասում է, որ չի մեղադրում վարկային կազմակերպությանը, մեղադրում է պետությանը։ «Իրենք իրենց կանոնադրությունն ունեն, իրենց կանոնադրության հիման վրա են աշխատում։ Ես մեղադրում եմ իշխանությանը, որ հետևողական չէ, օրենք չի հանում․․․ զոհվածի ընտանիքին թողել է բանկերի հայեցողությանը։ Ես հասկացա այնպես, որ իրենք դա թողել են բանկերի որոշմանը»։

Ի դեպ, թեպետ պետությունը Անահիտ Սարգսյանին հանձնել է հոկտեմբերի 14-ին զոհված Կարեն Սարգսյանի մարմինը, բայց նրա անունը չկա զոհերի ցուցակում, ինչի պատճառով ընտանիքին դեռ չեն տվել գերեզմանի գումարը։ 

Անահիտը, որ եղբորորդուն ինքն է պահել, ասում է. «Ես պետության գումարը չեմ ուզում, թող իմ էրեխեն ողջ լիներ, էս պետության ոչ մի լուման մեզ պետք չէ։ Թող էրեխես հետ գա»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել