Գիտնականները շարունակում են անհանգստանալ՝ կանխատեսելով գլոբալ տաքացման հետևանքով առաջացող վտանգներն ու կլիմայական փոփոխությունները։ Համաձայն նոր ուսումնասիրության՝ կլիմայական փոփոխությունները հանգեցրել են օվկիանոսի կայունության տատանման, և դա տեղի է ունեցել շատ ավելի արագ, քան կանխատեսվում էր։ Ուսումնասիրության ընթացքում դիտարկվել են վերջին 50 տարիների տվյալները և հետևել են, թե ինչպես է մակերևութային ջուրն «առանձնանում» օվկիանոսի առավել խորը շերտերից։

Կլիմայի փոփոխությունները խաթարել են Համաշխարհային օվկիանոսի ուղղահայաց ջրափոխանակությունը՝ գործընթաց, որն օգնում է պահպանել ավելորդ ջերմության մեծ մասը և էական քանակությամբ CO2։

Օվկիանոսի մակերևույթին ջուրն ավելի տաք ու պակաս խիտ է, քան խորքում։ Գլոբալ տաքացումը հանգեցնում է ծովեր մեծ ծավալով քաղցրահամ ջուր լցվելուն՝ սառցադաշտերի հալման հետևանքով, ինչն էլ, իր հերթին, նվազեցնում է վերին շերտի աղիության մակարդակը և խտությունը։ Այս երևույթների համակցությունը դժվարացնում է ջրափոխանակությունը. ջերմությունը, թթվածինն ու ածխաթթու գազը դժվարութամբ են մուտք գործում օվկիանոս։

Գիտնականները նման երևույթ, իհարկե, կանխատեսում էին։ Սակայն վերջին ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն իրականանում է 6 անգամ ավելի արագ, քան պատկերացնում էին։

Ուսումնասիրողները նաև պարզել են, որ կլիմայի փոփոխության արդյունքում ուժգնացած քամիները ևս նպաստել են օվկիանոսի վերին շերտի փոփոխությանը վերջին 50 տարում։

Ըստ Կլիմայական փոփոխությունների վերաբերյալ մասնագետների միջկառավարական խմբի մասնագետների՝ օվկիանոսները մեծ դեր ունեն կլիմայական փոփոխությունների հետևանքների մեղմման գործում, քանի որ կլանում են անտրոպոգեն CO2-ի գրեթե քառորդ մասը և ջերմոցային գազերից առաջացած ջերմության 90 տոկոսը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել