Armeniasputnik.am-ը գրում է.

Պաշտպանության նախկին նախարարը կարծում է, որ դատարանը պետք է պարզի` ովքեր են «Մարտի 1»-ի սպանությունների մեղավորները։

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը կարծում է, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դեմ հարուցված քրգործով կասի իր խոսքը և հանցակազմի բացակայության պատճառով կկարճի քրգործը։ Օհանյանը մինչև դատական նիստը սկսվելը լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց` հիշեցնելով, որ Սահմանադրական դատարանն արդեն իսկ ասել է իր խոսքը։

Հիշեցնենք, որ ՍԴ–ն հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը(սահմանադրական կարգը տապալումը): Ըստ որոշման` 300.1 հոդվածը ճանաչվել է Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր։ Քիչ անց կկայանա Քոչարյանի և մյուսների դեմ հարուցված քրգործով հերթական նիստը։

«Փաստաբանների հետ կխորհրդակցենք և կորոշենք մեր հետագա քայլերը։ Ամեն դեպքում, կարծում եմ, որ Սահմանադրական դատարանի որոշումը ճիշտ որոշում է, ՍԴ-ն իր որոշմամբ ևս մեկ անգամ փաստում է, որ 300.1 հոդվածով քաղաքական հետապնդում է եղել մեր նկատմամբ։ Ես դեռ այն ժամանակ էի ասում, որ չեմ հասկանում մեղադրանքի էությունն իմ նկատմամբ»,–ասաց Օհանյանը։

Նրա խոսքով` զինված ուժերը մարտի 1-ի դեպքերի ժամանակ ՀՀ կարևոր օբյեկտների պաշտպանությունն են ապահովել։

Հարցին, թե ի՞նչ է կարծում` հնարավոր է վերաորակավորվի իրենց առաջադրված մեղադրանքը` Օհանյանը պատասխանեց, որ այդ դեպքում ավելի կհաստատվի, որ իրենց դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում, այլ ոչ թե քրեական։

Սեյրան Օհանյանը նշեց` «Մարտի 1»-ին վերաբերյալ բոլոր տեսանյութերով հստակ երևում է՝ ով է բախումներ հրահրում, ում հոգին էր լուսավորվում, երբ ոստիկանների ձեռքից ինչ–որ պարագաներ էին վերցնում։

«Կարծում եմ, որ դատական համակարգը պետք է պարզի` ովքեր են մեղավորները սպանությունների։ Փաշինյանը դատապարտվել է զանգվածային անկարգությունների հոդվածով, ու այդ դատապարտման հոդվածը մինչ օրս չի հերքվել` անգամ Փաշինյանի` վարչապետ լինելու ժամանակ։ Իսկ այս ամենն արդյունք է զանգվածային անկարգության»,–ասաց Օհանյանը։

Հիշեցնենք՝ Քոչարյանի փաստաբանները  դիմել էին Սահմանադրական դատարան ՝ խնդրելով պարզել նրան առաջադրված մեղադրանքների օրինականությունը:

Իսկ արդեն ՍԴ-ի որոշումից հետո Քոչարյանի փաստաբանները հայտարարեցին, որ նախկին նախագահի դեմ հարուցված քրեական գործը պետք է կարճվի և դատարանից պահանջեցին դադարեցնել նրա քրեական հետապնդումը:

2018-ի հուլիսի 26-ին Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք առաջադրեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ՝ 2008 թվականի մարտի 1-ին բողոքի ցույցերը ցրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Քոչարյանը գործը համարում է շինծու և պնդում է, որ դրանով իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Գործում ներգրավված են նաև ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել