«Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ նախապես չի հայտարարվում վարչապետի մարզային այցերի երթուղին, ինչո՞ւ է գաղտնի պահվում կամ վերջին պահին հայտարարվում։ Մենք շաբաթ օրը գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է այցելել Արմավիրի մարզի 4 գյուղեր, սակայն այցը գաղտնի են պահում, և անգամ անվտանգության աշխատակիցները վերջին պահին են տեղեկանում երթուղուն։ Շաբաթ օրվա այցը՝ վատ եղանակի պատճառով, կիրակի կազմակերպվեց, և Փաշինյանը եղավ հենց մեր նշած գյուղերում՝ շրջանցելով Էջմիածին և Արմավիր քաղաքները, որտեղ անվտանգությունն ապահովելը թերևս ավելի բարդ կլիներ։ Դրանից առաջ էլ նա Արագածոտնի մարզում էր։ Ակնհայտ է, որ Փաշինյանն այս այցերի քողի տակ արդեն նախընտրական քարոզարշավ է իրականացնում, ինչն արգելված է օրենքով։ Թերևս նաև ստուգում է հանրության տրամադրությունները, որ հասկանա՝ գնա՞ արտահերթ ընտրությունների, թե՞ այս որոշումից էլ հետ կանգնի։ 

Մեր հարցին ի պատասխան, խոսնակն ասաց․ «Ես ասել եմ, որ նախապես կամ հենց այդ նույն օրը տեղեկացնում եմ, և նույն օրը տեղեկացրել եմ»։

- Ինչ-որ գաղտնիության խնդի՞ր կա, քանզի նախապես չի հայտարարվում վարչապետի այցելությունների երթուղին։

- Նախապես չի հայտարարվում, որովհետև ծրագիրը, սովորաբար, մինչև վերջին վայրկյանը վերջնական չի լինում, որովհետև երբ որ արդեն վերջնական է լինում, ես, օրինակ, ինձ մոտ դնում եմ։

- Ի դեպ, հիմա կորոնավիրուսի թվերն անընդհատ աճում են, բայց տեսնում ենք, որ վարչապետի այցերի ժամանակ բազմաթիվ քաղաքացիներ իրար գլխի խմբված, առանց դիմակի, շփվում են միմյանց հետ։ Դա չի՞ մտահոգում կառավարությանը։

- Առհասարակ, կորոնավիրուսով պայմանավորված էդ աճող թվերը մտահոգում են կառավարությանը, մարդկանց պարբերաբար հորդորվում է, որպեսզի պահպանվեն էդ հակահամաճարակային կանոնները։

- Բայց մենք տեսնում ենք, որ չեն պահպանվում, ոմանք էլ գնում՝ առանց դիմակի գրկում են վարչապետին։

- Հասկանում եմ դա, բայց, ամեն դեպքում, միջոցառումները, որոնք կազմակերպվում են, բոլոր էդ վայրերում եթե Դուք հաջողացնեք և լինեք նման հավաքի, ապա կտեսնեք, որ և՛ դիմակներ են դրված էնտեղ, և՛ ախտահանիչ նյութեր են դրված։

- Բայց փաստ է, որ այդ կանոնները չեն պահպանվում։ Սա անպատասխանատու մոտեցում չէ՞ կառավարության կողմից։

- Պետք է վերահսկողություն լինի։

- Իսկ ինչո՞ւ չկա։

- Կա, վերահսկողություն, ամեն դեպքում, կարծում եմ, որ կա։ 

- Այնուամենայնիվ, անգամ վարչապետի բազմամարդ հավաքներին մարդիկ առանց դիմակի են։

- Բայց լիքը մարդիկ էլ կան, որ դիմակով են, դա էլ եք տեսնում, վստահ եմ։ Այսինքն՝ էնպես չէ, որ համատարած մարդիկ դիմակ չեն կրում։ Կան մարդիկ, որոնք կրում են, կան մարդիկ, որոնք չեն կրում։ Ամեն դեպքում, անգամ ես, երբ որ էնտեղ եմ լինում, գնում եմ և մարդկանց դիմակներ եմ առաջարկում, մարդիկ վերցնում են, սկսում են կրել։ Բայց չեմ կարող ես՝ ինքս, պարտադրել, որ մարդիկ դիմակ կրեն։ Պետք է լինի վերահսկողություն, էս հարցով ես Ձեզ հետ համաձայն եմ։ Պետք է լինի վերահսկողություն, որ պարտադիր բոլորը շարունակեն կրել դիմակներ։

- Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների մասին, թեպետ դեռ պաշտոնապես հաստատված չէ օրը, բայց այս այցերից տպավորություն է, որ նա արդեն քարոզարշավ է սկսել։

- Ես չգիտեմ՝ ինչ տպավորություն կա Ձեզ մոտ, բայց վարչապետը բազմիցս արել է նման մարզային այցեր, և սա բացառություն չէ։

- Բայց սա համընկնում է նախընտրական շրջանի հետ ու քարոզարշավի տպավորություն է թողնում։

- Առհասարակ, ինձ որ հարցնում են՝ էսպիսի տպավորություն կա, հանրությունը մտահոգված է, ինձ մի հարց է մտահոգում, օրինակ՝ Դուք սոցհարցո՞ւմ եք անում ու կարծում եք, որ հանրությունը մտահոգված է կամ նման տպավորությո՞ւն ունի։

- Չէ, մենք տեսնում ենք, որ կարծես քարոզարշավ լինի, Դուք չե՞ք տեսնում, որ այցերն արդեն քարոզարշավի են վերածվել։

- Մենք տեսնում ենք, որ վարչապետը մարզային այցեր է իրականացնում։

- Իսկ դիպուկահարներ լինո՞ւմ են մարզային այցերի ժամանակ։

- Անվտանգության հետ կապված հարցերը, խնդրում եմ, ինձ մի ուղղիր, հա՞»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել