Aysor.am-ը գրում է.

«Հենակետ» վերլուծական կենտրոնը համառոտ տեղեկություններ է ներկայացրել ընթացիկ շաբաթվա ժամանակամիջոցում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կառավարության նիստում հայտարարել է, որ Բաքուն որոշակի դեր է խաղացել 2018 թ․ գարնանը Հայաստանում իշխանափոխության գործում։ Ըստ նրա՝ մեկուսացման քաղաքականությունը, որ իրենք վարել են Հայաստանի նկատմամբ, արդարացնում է իրեն։
 
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության 7-րդ համագումարի ժամանակ, անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին, նշել է, թե Թուրքիան կներդնի բոլոր ջանքները նախորդ տարվա նոյեմբերի 9-ին ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի առաջնորդների կողմից ստորագրված համատեղ հայտարարության իրագործման համար։ Թուրքիայի նախագահը ոչ արդյունավետ է համարել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը։
 
Մարտի 25-ին, Թբիլիսիում կայացած ասուլիսի ժամանակ, Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանին առաջարկել է ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված նոր հարթակ ստեղծել՝ Վրաստան, Ադրբեջան և Հայաստան ձևաչափով: Նրա խոսքով՝ առաջարկվող «3+3» ձևաչափը՝ Հարավային Կովկասի երկրների, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ, անընդունելի է Վրաստանի համար: Նշենք, որ դեռևս մարտի սկզբին Վրաստանը հայտնել էր, որ չի ցանկանում մասնակցել Թուրքիայի առաջարկած «3+3» տարածաշրջանային ձևաչափին՝ Ռուսաստանի պատճառով:
 
Եվրոպական խորհրդարանի` Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչևը և Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող Ժելյանա Զովկոն համատեղ կոչով դիմել են Ադրբեջանին` պահանջելով անհապաղ ազատ արձակել այդ երկրում պահվող բոլոր հայ գերիներին:
Շաբաթվա ընթացքում BBC հեռուստաընկերությունը ռեպորտաժ է հրապարակել «Լեռնային Ղարաբաղը. կորած եկեղեցու առեղծվածը» վերնագրով։ BBC-ի թղթակից Ջոնա Ֆիշերը հետաքննել է Հադրութի շրջանի Մեխակավան համայնքի Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու «անհետացումը»։ Տեսանյութում ադրբեջանցիները պնդում են, որ իբր հայերն ենք քանդել այնտեղից հեռանալուց առաջ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հերքել է եկեղեցու ոչնչացման մասին լուրերը։ Ադրբեջանական լրատվամիջոցները կեղծ տեղեկություներ են շրջանառել, թե այն հայերի կողմից կառուցված ռազմական օբյեկտ է եղել, այլ ոչ թե եկեղեցի։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը արդարացրել է Մեխակավանի եկեղեցու ոչնչացումը: Վերջինս նշել է, թե «ադրբեջանական ժողովրդի ժառանգության և սեփականության դեմ վանդալիզմ իրականացնելուց հետո Հայաստանը բարոյական իրավունք չունի պահանջներ ներկայացնելու Ադրբեջանին»:
 
Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ
 
Մարտի 26-ին, Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը Twitter-ի իր էջում հայտնել է, թե ադրբեջանցի զինծառայողները մասնակցել են Թուրքիայի զինված ուժերի կողմից կազմակերպված հակաահաբեկչական զորավարժություններին: Իսկ մարտի 28-ին Թուրքիայի ՊՆ-ն ֆեյսբուքյան էջում հայտնել է, թե Ադրբեջանի դեսանտայինները վերապատրաստվում են Թուրքիայում՝ լեռնագնացության դասընթացներ անցնելով Իսպարտայի լեռնային դեսանտայինների դպրոցում և ուսումնական կենտրոնում։
 
Իսրայելական «Israel Defense» ամսագիրը գրել է, թե իսրայելական ռազմարդյունաբերական «Meteor Aerospace» ընկերությունը Ադրբեջանում «Կասպյան նավաշինական ընկերության» (Caspian Ship Building Company) հետ համատեղ ձեռնարկություն է հիմնել: Ադրբեջանական լրատվամիջոցները նշել են, որ «Meteor Aerospace» ընկերությունը մասնագիտացված է ԱԹՍ-ների, անօդաչու նավակների, բարձր ճշգրտության հրթիռների, ՀՕՊ համակարգերի և արբանյակների ստեղծման մեջ: Իսկ համատեղ ձեռնարկությունը նպատակ է հետապնդում իսրայելական արդիական զենքը տեղափոխել ադրբեջանական բանակի հաշվեկշիռ, և Ադրբեջանն իսրայելական ընկերությունների հետ համատեղ արդեն սկսել է ռազմանավերի կառուցումը:
 
Շաբաթվա ընթացքում իրանական լրատվամիջոցները հաղորդել են, թե Թուրքիան ավելի վաղ Սիրիայում կիրառված ռազմական տեխնիկան այժմ զորավարժությունների պատրվակով տեղափոխվել է Հայաստանի սահմանի մոտ: Իրանական լրատվամիջոցները կարծիք են հնչեցրել, թե այս տեղափոխման նպատակը Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի՝ Իրանին սահմանակից Սյունիքի մարզի գրավումն է, և լայնամասշտաբ պատերազմը կանխելու համար անհրաժեշտ է, որ իրանցի զինվորականներն անհապաղ տեղակայվեն հայ-նախիջևանյան սահմանի երկայնքով։
 
Տարածաշրջանային նախագծերի շուրջ զարգացումներ
 
«Agenzia Nova» իտալական գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ իրենք հետկոնֆլիկտային խաղաղ համակեցության վերականգնման նոր էջ են բացում: Վերջինս հավելել է, որ նոր տրանսպորտային ուղին կմիավորի Ադրբեջանը Նախիջևանի հետ, ինչը կբարելավի կապը Հարավային Կովկասի երկրների և նրանց հարևանների միջև:
 
Հայտարարելով, թե տրանսպորտային ենթակառուցվածքների շինարարությունը դրական ազդեցություն կունենա Հարավային Կովկասում տնտեսական զարգացման վրա, Ադրբեջանի ԱԳ նախարարն ընդգծել է իտալական ընկերությունների համար հետագա հնարավորություններն այդ գործընթացում՝ հիշեցնելով, որ իտալական «Ansaldo» ընկերությունը վերջերս պայմանագիր է կնքել Արցախից գրավված տարածքներ էլեկտաէներգիա մատակարարելու վերաբերյալ:
 
Հարցազրույցում Բայրամովը հայտարարել է, որ Հարավային գազային միջանցքի լիարժեք շահագործմանը զուգահեռ Ադրբեջանը կշարունակի ուշադրություն դարձնել էներգետիկ մատակարարման նոր հնարավորություններին՝ ներկայացնելով 2021 թ․ հունվարի 21-ին Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև ստորագրված Կասպից ծովում Դոստլուգի հանքավայրի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի կարևորությունը:
 
Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարությունը հայտնել է, թե Չեխիան հույս ունի մուտք ունենալ դեպի Հարավային գազային միջանցք, և իրենք բարձր են գնահատում Տրանսադրիատիկ գազամուղի (TAP) շինարարության ավարտն ու ադրբեջանական գազի՝ դեպի հարավային Իտալիա մատակարարումների մեկնարկը: Ըստ չեխական կողմի՝ այս միջանցքի այլ ճյուղերի՝ հատկապես Խորվաթիայի ուղղությամբ շինարարության ավարտից հետո հնարավոր կլինի ադրբեջանական գազը մատակարարել Չեխիա:
 
Նկատենք, որ ադրբեջանական գազի մատակարարումը Եվրոպա Տրանսադրիատիկ գազատարով սկսվել է 2020 թ․ դեկտեմբերի 31-ին: Ադրբեջանական լրատվամիջոցները փոխանցել են, որ Ադրբեջանը, մուտք ունենալով Եվրոպա՝ աշխարհում բնական գազի ամենամեծ ներկրման շուկա, փորձում է ընդլայնել իր արտահանման հնարավորությունները: Խորվաթիան ու Բոսնիա և Հերցեգովինան փոխկապակցիչ են կառուցում ադրբեջանական գազի ներմուծման համար, իսկ դեպի Բուլղարիա ադրբեջանական գազի արտահանումն արդեն գերազանցել է 55 հազար խորանարդ մետրը։
 
Վրացական «Caucasus Online» ընկերության սեփականատեր Խվիչա Մակացարիան ընկերության` իր տրամադրության տակ մնացած 51% բաժնետոմսերը վաճառել է ադրբեջանական «Neqsol Holding» ընկերությանը, որը դեռևս 2019 թ-ին ձեռք էր բերել ընկերության բաժնետոմսերի 49%-ը։ Այդպիսով «Caucasus Online» ընկերության 100% արժեթղթերի սեփականատերն է դարձել ադրբեջանցի գործարար Նասիբ Հասանովը: Սակայն Վրաստանի Հաղորդակցությունների ազգային հանձնաժողովը հայտարարել է, որ գործարքը կայացած չեն համարում՝ նշելով, որ այն իրականացվել է միջազգային ու ներպետական մի շարք ակտերի խախտմամբ։
 
Նշենք, որ վրացական «Caucasus Online» ընկերությունը օպտիկական մալուխի օպերատոր է, որը Սև ծովի հատակի երկայնքով անցնում է Վրաստանից Բուլղարիա: Դա Եվրոպայի և Հարավային Կովկասի միջև ինտերնետային թրաֆիկի ամենամեծ ուղղությունն է: Այս ընկերությունը մի քանի տարվա ընթացքում կարողացել է ձեռք բերել մեծածախ ինտերնետային շուկայի զգալի մասը՝ ապահովելով տարածաշրջանի ինտերնետի մինչև 80%-ը: Այն Վրաստանի ինտերնետի 65%-ի, Հայաստան մատակարարվող ինտերնետի 85%-ի, Ադրբեջանի ինտերնետի 50%-ի մատակարարն է:
 
Հայկական փորձագիտական շրջանակներում մտահոգություններ են հնչել, թե ստանձնելով «Caucasus Online» ընկերության սեփականատիրությունը՝ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է անջատել Հայաստան եկող ինտերնետը կամ էլ հետախուզական նպատակներով վերլուծել Հայաստանի կողմից օգտագործված համացանցային տվյալները։
 
Ադրբեջանական լրատվամիջոցները փոխանցել են, որ «Caucasus Online-ի ձեռքբերումը «Neqsol Holding»-ի՝ ավելի մեծ միջազգային ծրագրի մաս է, որը մեկնարկել է 2018 թ-ին և հայտնի է որպես «Թվային մետաքսի ճանապարհ»: Ծրագրի նպատակն է զարգացնել տրանզիտային օպտիկամանրաթելային ժամանակակից ենթակառուցվածքի ժամանակակից ցանցը, որը կապում է Եվրոպան Վրաստանի և Ադրբեջանի միջոցով Կենտրոնական և Հարավային Ասիայի շուկաների հետ:
 
«Թվային մետաքսի ճանապարհ» ծրագրի շրջանակներում աշխատանքներ են սկսվել օպտիկամանրաթելային մալուխի գծի կառուցման ուղղությամբ, որը միացնելու է Ադրբեջանն ու Ղազախստանը Կասպից ծովի հատակի երկայնքով: 2019 թ-ին ձեռք է բերվել նաև Ադրբեջանը և Թուրքմենստանը միացնող նմանատիպ գծի կառուցման համաձայնագիրը: Ընդ որում, նախագիծը ենթադրում է տվյալների ժամանակակից կենտրոնների և ինտերնետի թրաֆիկի փոխանակման կետերի ստեղծում Ադրբեջանում և Վրաստանում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել