Վերջին տասը օրերի ընթացքում վարչապետի աթոռը զբաղեցնող անձը, Անվտանգության խորհրդի քարտուղարը մեկ s ևս հաստատեցին, որ մենք շատ արագ պետք է ունենանք առանց թուրքի Հայաստան: Այս մասին այսօր հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը:

«Մեկ շաբաթ առաջ վարչապետի աթոռը զբաղեցրած անձը Արագածոտնի մարզում ասաց հետևյալը՝ «Մենք թուրքին ընկալում ենք թշնամի, թուրքը մեզ է ընկալում, մենք կրկնակի իրեն ենք ընկալում, շատ կարևոր է հասկանալ այն մեկնակետը, թե որտեղից է սկսվել մեր թշնամությունը»: Հասկանո՞ւմ եք, թե ինչ է ասում, կասկածի տակ դնելով 1.5 միլիոն հայերի բնաջնջումը՝ փորձում է ուրանալ Հայոց ցեղասպանությունը, հրաժարվել հայոց պահանջատիրությունից: Սա է այսօրվա իշխանությունը»,-ասաց նա:

Իշխան Սաղաթելյանը նշեց, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, թե պետք է մեր մոտեցումներում շտկումներ անենք այն հարցում, թե արդյոք Թուրքիան մեր թշնամին է: «Ով կուրանա Հայոց ցեղասպանությունը, երեք պատերազմի կորուստները, նա հայ ժողովրդի թշնամին է և վերջ: Այս պահից ՀՀ անվտանգության խորհրդի շենքը թուրքական դեսպանատուն է Հայաստանում, իսկ խորհրդի նախագահը՝ Թուրքիայի դեսպանը և Թուրքիայի շահերը սպասարկողը»,- ասաց նա:

«Ամեն ինչ շատ պարզ ու հստակ է, ՀՀ-ում կա երկու քաղաքական գիծ, մի գիծը Նիկոլն ու նրա խմբակն են, որոնք երեք տարի առաջ ժողովրդին խաբելով եկան իշխանության ու պլանավորված հանձնեցին Արցախը և այս փուլում մեր տղերքի արյունը դեռ չչորացած՝ փորձում են ուրանալ ամեն ինչ ու Թուրքիայի և Ադրբեջանի հետ սկսում են նոր եղբայրություն: Սրանց նպատակն է՝ հրաժարվել մեր ինքնությունից, մշակույթից, բանակից ու հայ ժողովրդին տանել կործանման, մենք դա թույլ չենք տալու»,-շեշտեց նա:

Վերջինս նշեց, որ երկրորդ քաղաքական գիծն ազգային արժեքները պահպանել ցանկացող մարդիկ են ու ՀՀ-ում պետք է հենց այս ուղղությունը հաղթի:

Իշխան Սաղաթելանը նշեց, որ շարժումը դեռ չի հասել իր վերջնական նպատակին, քանի այս իշխանությունը կա ու եթե անգամ չի ստացվել գլխավոր ուռուցքը հեռացնել, ապա գոնե ստացվել է այնպես անել, որ այն տարածում չունենա:

Հետագա գործողությունների մասին խոսելով՝ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ նահանջ չի լինելու ու մինչև Նիկոլ Փաշինյանի հրաժարականը «Հայրենիքի փրկության շարժումը» մարզեր այցելություններ է սկսելու, երկրորդ փուլն այն է լինելու, որ եթե Փաշինյանը հրաժարական տա, ապա այդ 14 օրերին պետք է այդ դե յուրե հրաժարականը դարձնել դե ֆակտո և այդ օրերի ընթացքում հեռացնեն վերջինիս:

Իսկ երրորդ փուլն այն է, որ եթե երկիրը գնա ընտրությունների, ուրեմն երկու կարևոր բան պետք է անեն այն կուսակցությունները, որոնք մասնակցելու են այդ ընտրություններին, առաջինը՝ որևէ կերպ չհամագործակցել այս իշխանության հետ, իսկ երկրորդը՝ ընտրությունները չպետք է լինեն ստանդարտ, սովորական ընտրություններ և այն պետք է լինի դավաճաններին հեռացնելու ծրագիր: «Ապրիլի 22-ից հետո մեր պայքարի շատ կարևոր և վճռական փուլն է»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել