Armeniasputnik.am-ը գրում է.

2007 թվականից սկսած աշխարհի գրեթե բոլոր երկրները միանում են «Երկրի ժամը» բնապահպանական խորհրդանշական միջոցառմանը։

Ամենամյա ակցիայի համաձայն՝ մարտ ամսի վերջին շաբաթ օրը՝ ժամը 20:30-ից 21:30-ը ընկած ժամանակահատվածն անցնում է առանց էլեկտրական լուսավորության։

Հայաստանում միջոցառումներն անցկացվում են Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում WWF Հայաստանի PR ղեկավար Հերմինե Հակոբյանը անդրադարձել է միջոցառման խորհուրդին և Հայաստանում առկա բնապահպանական խնդիրներին։

Հակոբյանը նշում է, որ կլիմայի փոփոխության դեմ պայքարին ուղղված բնապահպանական միջոցառման շրջանակում մարտի 27-ին, ժամը 20:30-ից 21:30-ը, կանջատվի նաև Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը:

«Այս ակցիայով մարդիկ կարծես թե միավորվում են բարձրաձայնելու կարևոր բնապահպանական խնդիրները, որոնք այսօր շատ- շատ են։ Հայաստանն արդեն 13-րդ անգամ է մասնակցում նախաձեռնությանը։ Քաղաքի լուսավորությունն անջատելը սիմվոլիկ բնույթ է կրում»,-ասում է նա։

Հակոբյանը շեշտում է, որ նախաձեռնությունն ուղղված է ոչ միայն պետական մարմիններին, այլև քաղաքացիներին։ Նպատակային է, որ բոլորը միավորվեն ու մտածեն, թե այսօր ինչ է կատարվում Երկիր մոլորակի հետ, ինչպես ենք մենք նրան վերաբերվում։
Եթե մարդկությունը ժամանակին ուշքի չգա և չփրկի բնությունը, ապա սեփական կյանքով ու առողջությամբ է վճարելու։

«Ցավոք, Հայաստանն այսօր լուրջ բնապահպանական խնդիրներ ունի, որոնցից առաջին տեղում համատարած աղտոտումն է, դրա վերջը չի երևում, բայց պետք է փորձենք հնարավորինս կանխել դա։ Երկրորդ ամենամեծ խնդիրը ծառահատումներն են։ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ նման մասշտաբի ծառահատումներ։ Երրորդ բնապահպանական խնդիրը որսագողությունն է, վայրի կենդանիների անօրինական վաճառքը։ Որպես բնապահպանական լուրջ խնդիր կարող ենք նշել նաև հանքարդյունաբերությունը»,- ասում է Հակոբյանը։

Հիշեցնենք՝ առաջին անգամ «Երկրի ժամը» տեղի է ունեցել Ավստրալիայում 2007 թվականին՝ վայրի բնության պահպանության միջազգային հիմնադրամի նախաձեռնությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել