Hraparak.am-ը գրում է.

Երեկ էկոնոմիկայի նախարար, տնտեսական աճի «գուրու» Վահան Քերոբյանը հերթական «էքստրավագանտ» գրառումն էր արել, որը դարձյալ գրգռել էր համացանցի բնակիչների սարկազմիկ և հումորային երևակայությունը։ 

«Վիճակագրական Կոմիտեն հրապարակեց 2021թ․ փետրվարի տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 5,3%: Հաշվի առնելով, որ անցած տարվա փետրվարն ուներ մեկ օր ավել՝ Հայաստանի տնտեսությունը համարյա վերականգնվել է։ Ու դա դեռ զրոյին մոտ տուրիզմի պարագայում։ Վերահաստատում եմ իմ նպատակը՝ երկնիշ տնտեսական աճ»,-համարյա նիկոլական ինքնավստահությամբ հայտարարել էր Քերոբյանը իր ՖԲ էջում։

Թե ինչ էր կատարրվում նրա այս գրառումից հետո համացանցում՝ նորից չհիշեցնենք, ամեն դեպքում արանքում հիշեցին նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության «բռնարար» նախարար Հակոբ Արշակյանին, ով դեռևս տրանսպորտի նախարար եղած ժամանակ փետրվար ամսին մի քնաի օր ավել էր շնորհել՝ ինչ-որ ժամկետի մասին հայտարարելով՝ փետրվարի 31-ին։ Այս իմաստով Վահան Քերոբյանին ու Հակոբ Արշակյանին ֆեյսբուքում համարյա հռչակել էին «քույր քաղաքներ»։ Մարդիկ արդեն պատկերացնում էին, որ եթե իսկապես Արշակյանի ցանկությամբ փետրվարն ունենար 31 օր, այսինքն՝ 2-3 ավել, ապա, ըստ Քերոբյանի տրամաբանության, մեր տնտեսությունը ոչ թե երկնիշ, այլ միանգամից եռանիշ տնտեսական աճ կգրանցեր։  

Բայց արդյոք երկնիշ ասելով՝ Քերոբյանը նկատի ունի 10 և ավելի տոկոսը, ոչ թե տասնորդական տոկոսներով ցուցանիշը։ Այս հարցը Քերոբյանի գրառման տակ փորձել էին հստակեցնել օգտատերերը, քանզի այս իշխանություննեից ամեն ինչ սպասելի է՝ նրանց համար երկնիշ աճ կարող է համարվել նաև 0.1 տոկոսը, ոչ թե, ասենք, 11 տոկոսը։

«Իսկ երկնիշ տնտեսական աճ ասելով նկատի ունեք 10 և ավելի տոկոս, այո՞»,-հարցրել էր մի օգտատեր։ Մեկ ուրիշն էլ զարգացրել էր թեման՝ հեգնելով․ «Վերջում չպարզվի 0.9-ը երկնիշ ա համարվում»։

Քերոբյանն էլ ֆանտաստիկ պատասխան էր տվել այս հարցադրումներին․ «Հո մանկապարտեզ չի՞։ Իհարկե,10 և ավել»։

Այն, որ մանկապարտեզ չի, դա դեռ պետք է ապացուցվի։ Վերջին համարյա երեք տարում Քերոբյանի ներկայացրած կառավարությունն ու իշխանությունը դեռևս միայն իրենց քայլերով հակառակն են ապացուցում, որ լավ էլ մանկապարտեզ է, ուղղակի Քերոբյանը մի քիչ ուշ է միացել այս «մանկապարտեզին», դրա համար երևի դեռ գլխի չի ընկել՝ որտեղ է ինքը հայտնվել։

Քերոբյանի գրառման տակ քոմենթները, սակայն, այսքանով չեն սահամանփակվել։ Մի օգտատեր էլ որոշել է հստակ խոստում կորզել նախարարից․ «Պատրա՞ստ եք ձեր ասածի կեսը չկատարելու դեպքում հրաժարական տալ»։ Այս հարցին, սակայն երկնիշ տնտեսական աճ խոստացող նախարարը չի պատասխանել․ երևի պատրաստ չէր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել