Pastinfo.am-ը գրում է․

Պետք էր այնպես անել, որ բազմաֆունկցիոնալ նշանակությունն ամբողջությամբ գործի, ընդ որում՝ բոլոր խոցման միջոցները, որոնք նախատեսված են տվյալ համակարգի համար, պետք է ինքնաթիռի հետ միասին գային հասնեին Հայաստան։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ՍՈՒ-30 կործանիչների համար նախատեսված «աքսեսուարները» չէին հասցրել գնել՝ նախքան պատերազմը։

Հիշեցնենք, որ ՍՈւ 30 ինքնաթիռները Հայաստան են եկել 2020 թվականի մայիսին և իրականացրել են վարժական թռիչքներ, դրանք օգտագործել իր անձնական PR-ի համար, սակայն պատերազմի ժամանակ պարզվել է, որ պիտանի չեն եղել կիրառման համար, քանի որ չեն ունեցել հրթիռներ։Նիկոլ Փաշինյանը 2021 թվականի մարտի 24-ին ԱԺ-ում հայտարարել է, թե բազմաֆունկցիոնալ ինքնաթիռի օգտագործման համար անհրաժեշտ բոլոր նրա ձեւակերպմամբ «աքսեսուարները» ինքնաթիռի հետ ձեռք չէին բերել, իսկ վարժանքների ժամանակ օգտագործել են այն հրթիռները, որոնք Հայաստանի զինանոցում արդեն իսկ եղել են։

ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ զենքի գնումն իրականացվում է միջպետական համապատասխան համաձայնությունների շրջանակներում։ Կոնկրետ նշված զինատեսակը, որոնք գնվել են Ռուսաստանից, իրականացվում է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության համապատասխան պայմանագրերի շրջանակներում, մասնավորապես, զինված ուժերի, սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պլանի համաձայն՝ ներկայացվում է հայտ և բանակցություններ են ընթանում։

«Խոսքը գնում է բազմաֆունկցիոնալ ավիացիոն համակարգի՝ ՍՈՒ-30 ՍՄ-ների մասին, որը հագեցված է համապատասխան համակարգերով, որոնք վերաբերում են ավիացիային, հետախուզությանը, ռադիոլոկացիոն գործունեության իրականացմանը, ռադիոէլեկտրոնային պայքարին և հարվածային խնդիրների իրականացմանը, այսինքն՝ սպառազինություն, հրթիռներ, արկեր, որոնցով պետք է խոցում իրականացնել։ Բանակցություններն ընթանում են ամբողջական կարգով, չի լինում այնպես, որ ինչ-որ մի համակարգի մի մասը գործի, մյուսը՝ չգործի։ Այսինքն՝ եթե բանակցվել է և պայմանավորվածություն է ձեռք բերվել, ապա ՀՀ ռազմական ավիացիայի ՌԷՊ-ի, ՀՕՊ-ի, կապի, հետախուզության համապատասխան մասնագետները պետք է այդ ուղղությամբ բանակցեին և այնպիսի պայմանավորվածության գային, որ տվյալ համակարգն ամբողջությամբ հագեցված լինի՝ իր բոլոր խնդիրների իրականացմամբ»,- նշեց Օհանյանը՝ հավելելով, որ ինքը հրապարակումներից է տեղեկացել, որ ՍՈՒ-30 ինքնաթիռը ձեռք է բերվել առանց հրթիռների, այդպես չի լինում։ Նրա դիտարկմամբ՝ ճիշտ պայմանավորվածության շրջանակներում և՛ համակարգը, և՛ խոցման միջոցները միաժամանակ պետք է ձեռք բերվեն և հասնեն ՀՀ, ընդ որում՝ այդ ամենը փորձարկվում է այն երկրում, որից պետք է գնեն, այնուհետև, վաճառող երկրի մասնագետները տվյալ համակարգը բերում և մեր երկրում հանձնում են՝ մեր ԶՈՒ-երին, ամբողջ ընթացակարգը սա է։

Օհանյանը նկատեց՝ կառավարության ղեկավարի կամ առաջին աթոռին կառչածի պնդումները, թե իրենք ինքնաթիռներն ենք ձեռք բերել, հրթիռները չեն հասցրել, եթե նախկինները ինքնաթիռները ձեռք բերեին, իրենք կհասցնեին հրթիռները բերել, դա աբսուրդի ժանրից է։ Նրա խոսքով՝ եթե ինչ-որ բան փորձում են գնել, գնում են ամբողջությամբ։ Դիտարկմանը, որ, կարծես թե ՌԴ կառավարության որոշման համաձայն, ՍՈՒ-30 կործանիչների համար նախատեսված հրթիռները չեն կարող վաճառվել այլ պետության, Օհանյանն արձագանքեց՝ նշելով, որ իր պաշտոնավարման ժամանակ քննարկումներ եղել են, նման խնդիրներ չեն եղել, իսկ այժմ տեղեկություն չունի։

Այսպես, ռազմական ավիացիայի զարգացման խնդիրները քննարկվել են նաև Սեյրան Օհանյանի պաշտոնավարման տարիներին, սակայն հիմնական շեշտադրումը եղել է ԱԹՍ-ների ձեռքբերման հարցը։ Մասնավորապես, Օհանյանը հայտնեց, որ իր պաշտոնավարման տարիներին քննարկվում էր ռազմական ավիացիայի զարգացման խնդիրները, նոր ավիացիոն միջոցների, նաև՝ ՍՈՒ-30-երի ձեռքբերման հարցը, հատկապես՝ ռադիոլոկացիոն համակարգի, ՀՕՊ, ՌԷՊ։

«Ամենակարևորը՝ իմ պաշտոնավարման տարիներին՝ 2016-2020թթ սպառազինության ռազմական տեխնիկայի պետական ծրագիր ենք մշակել, որը փոփոխության է ենթարկվել Ապրիլյան պատերազմից հետո, հատկապես՝ անօդաչու թռչող հետախուզական և հարվածային սարքերի ձեռքբերման առումով։ Նախկին պլանում էլ կային, բայց Ապրիլյան պատերազմից հետո այդ ԱԹՍ-ների քանակը մի քանի անգամ բազմապատկեցինք, բայց փորձը ցույց է տալիս, որ հարվածային ԱԹՍ-ներ ձեռք չեն բերվել և Հայաստանում մեկ-երկու նոր ԱԹՍ-ներ գուցե փորձարկվել են, իսկ որպես հետախուզական ԱԹՍ-ներ օգտագործվել են այն ԱԹՍ-ները, որոնք իմ պաշտոնավարման ժամանակ են դեռևս փորձարկվել՝ մեկ տասնյակից ավել ։ Դրանից հետո մի քանի հատ են ավելացել, բայց հիմնական միջոցները մեր ժամանակ արտադրված միջոցներն են »,- նշեց Օհանյանը։

Հարցին՝ ինչու չեն առաջնորդվել արդեն կազմված ծրագրով, Օհանյանը նշեց, որ ԶՈՒ ղեկավարության փոփոխության հետ մեկտեղ փոփոխություններ են մտցվել ԶՈՒ սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրի մեջ։

Հետաքրքրվեցինք՝ արդյոք այլ կործանիչների համար նախատեսված հրթիռները կարող են օգտագործվել ՍՈՒ-30 կործանիչների համար, Օհանյանը նշեց, որ ունեցել ենք հրթիռներ, որոնք տարիների ընթացքում ձեռք են բերվել մեր ունեցած ինքնաթիռների համար և համապատասխան պաշար ստեղծել, սակայն այդ հրթիռներն այնպիսինն են, որ կարող են օգտագործել նաև կործանիչները։ Խոսքը գնում է ինքնաթիռների վարժանքների ժամանակ օգտագործված հրթիռների մասին, դա հնարավոր է, եթե այդ հրթիռները կարող են տեղադրել, ապա կարող են վարժանքների ժամանակ օգտագործել, բայց այդ հրթիռներն արդեն չունեն այն արդյունավետությունը, հեռավորությունը և էֆեկտիվությունը, ինչ-որ բազմաֆունկցիոնալի մեջ պետք է ունենային։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել