168.am-ը գրում է․

Վրացական մամուլը երեկ տեղեկացրեց՝ ադրբեջանցի Նասիբ Հասանովը գնել է «Կավկասուս Օնլայն» (Caucasus Online) ընկերության «մնացորդային» 51 տոկոսանոց մասնաբաժինը:

Նկատենք՝ ադրբեջանցի գործարարը 2020-ին ձեռք էր բերել ընկերության 49 տոկոսը:

Նախկինում վրացական ընկերությունն այս պահին ապահովում է Հայաստանի ինտերնետ տրաֆիկի 85 տոկոսը, Ադրբեջանի ինտերնետ տրաֆիկի՝ 50, և Վրաստանի տրաֆիկի՝ 55 տոկոսը:

Ակնհայտ է՝ սրանով  հետպատերազմյան շրջանի մեր անվտանգային խնդիրներին գումարվում է ևս մեկը. իսկ թե կոնկրետ ինչ պետք է սպասել այս առքուվաճառքից, 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը.

«Քանի որ իրենք մեր հիմնական մատակարարներից են, ապա տեսականորեն ու, կարծում եմ, պրակտիկորեն իրենց ձեռքում հայտնվում է մեզ մոտ ինտերնետ կապի խափանումներ առաջացնելու կոճակը:

Մյուս տարբերակը՝ ինչ-ինչ հիպերհարձակումների համար մեր դեմ փաստացի հարթակն է, ու երրորդը՝ տվյալների հավաքագրումն է հայաստանցիների ինտերնետ այցելությունների մասին»:

Հարցին՝ այս պահին ունե՞նք արդյոք այլընտրանք, մեդիափորձագետը պատասխանեց. «Այլընտրանք ունենք, որովհետև իրենք մեր միակ մատակարարը չեն, բայց քանի որ իրենք մեծ հատվածն են կազմում, ապա կենսական հատվածն է մեզ համար»:

Մեր զրուցակիցը նաև տեղեկացրեց, որ հնարավոր է դիմել այլ մատակարար ընկերությունների, ինչը, սակայն, ենթադրում է լուրջ փոփոխություններ և լրացուցիչ ծախսեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել