Pastinfo.am-ը գրում է.

Նոր Նորքում գտնվող սբ. Աստվածածին եկեղեցու բակում գտնվող լրագրողի արձանը ենթարկվել է վանդալիզմի, անհայտ անձինք գողացել են լրագրողի արձանի մետաղյա ոտքերը և ձեռքը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Տեր Աշոտ քահանա Սաֆարյանը, որը ծառայություն է իրականացնում Երևանի Նոր Նորքի I-ին զանգվածի Սուրբ Աստվածածին եկեղեցում։

Նրա փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել լուսաբացին՝ ժամը 05։07-ի սահմաններում, տարածքում գտնվող տեսախցիկներից մեկը վնասել են, սակայն տարածքում այլ տեսախցիկներ ևս կան։

«Հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել ոստիկանություն։ Ոստիկանները զբաղվում են դրանով, երեկոյան կիմանանք ավելի մանրամասն, բայց փաստը մնում է այն, որ եկեղեցու տարածքում լրագրողի արձանը ենթարկվել է ոտնձգության և վանդալիզմի։ Արձանը տեղադրողը նպատակ է ունեցել արժևորել լրագրողի աշխատանքը և առաքելությունը»,- նշեց Տեր Աշոտը՝ հավելելով, որ Եսայանների ընտանիքն է հոգացել արձանի տեղադրման համար, իսկ այսօր տեսնում ենք, որ արձանը և եկեղեցին նման վերաբերմունքի են արժանանում։

Տեր Աշոտնն ընդգծեց, որ արձանը գտնվում է եկեղեցու տարածքում, ուստի՝ իրենք որպես հոգևորական չեն կարող անտարբեր մնալ վանդալիզմի երևույթի նկատմամբ, քանի որ վանդալիզի ցանկացած դրսևորում ենթակա է դատապարտման և պետք է խիստ որակում ստանա՝ հանրության կողմից։

«Մարդիկ պետք է ավելի շատ հակվեն կարևոր արժեքների, ոչ թե՝ մի կտոր մետաղի համար վնասեն կարևոր արժեքներ։ Կարծում եմ՝ խորը վերանայման կարիք կա հանրության կողմից, որ այն արժեքները, որոնք ստեղծված են ինչ-որ պատգամ փոխանցելու, ինչ-որ կարևոր արժեքների մասին մեզ հիշեցնելու, մնան անձեռնմխելի»,- նշեց նա։

Մեր զրուցակիցը մտահոգություն հայտնեց առ այն, որ վերջին շրջանում հաճախակի են լուրեր ստացվում վանդալիզմի դեպքերի կամ տարբեր կոթողների պղծման մասին։ Նրա խոսքով՝ նման ոտնձգությունների դեմ հանրությունը պետք է խիստ դիրքորոշում ունենա, որ նրանք, որոնք մի կտոր մետաղի համար ուզում են գումար ձեռքբերել, ավելի ուշադիր գտնվեն պատմական, մշակութային և հոգևոր արժեքների նկատմամբ, որոնք կրկնակի անգամ բարդացնում են մեղքի և հանցանքի մեծությունը։

Հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք բացատրություն տվել է ոստիկանությունում, ինչին ի պատասխան Տեր Աշոտը տեղեկացրեց, որ երեկոյան կայցելի ոստիկանություն։

«Փաստինֆո»-ն կապ հաստատեց նաև ՀՀ ոստիկանության լրատվության վարչության հետ՝ պարզելու, թե ինչ ընթացք է տրվել հաղորդմանը, որտեղից հայտնեցին, որ նախապատրաստվում են նյութեր, պարզվում վնասի չափը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել