Armeniasputnik.am-ը գրում է.

ՀՀ Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը չի հերքում՝ անձամբ ճանաչել է մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետի պաշտոնի համար հայտարարած մրցույթում հաղթած անձնավորությանը: Այս մասին Մեսրոպյանը հայտնեց այսօր կառավարության նիստի ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում:

«Այդտեղ որևէ միտում չկա. ինքը մասնագետ է, և որևէ օրենքի խախտում տեղի չի ունեցել»,- ասաց նա:

Մարզպետը նաև չհերքեց, որ «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանի հարազատները, համագյուղացիներից ոմանք ևս աշխատում են մարզպետարանում. դուստրը մարզպետի օգնականն է, փեսան՝ փոխմարզպետը և այլն: Բայց «ընտանեկան բիզնես» ձևակերպումը չի ընդունում:

«Ես հեռու եմ այդ «ընտանեկան» ձևակերպումից, որովհետև ես Սասուն Մ իքայելյանի ընկերն էի, բարեկամն էի նաև 2007թ-ին, 2008թ-ին, երբ որ այդ նույն քաղաքական թիմը նախորդ իշխանությունների, նախորդ ռեժիմի կողմից հալածվում էր, և ես, լինելուվ Սասուն Միքայելյանի ընկերը, բարեկամը, նաև եղել եմ իմ ապրած տարիների ընթացքում Մեսրոպ Մեսրոպյան և ունեցել եմ թե՛մասնագիտական, թե՛ քաղաքական կենսագրությունը: Եվ այնպես չէ, որ Սասուն Միքայելյանի գոյութոյւնն էր , որ տվեց այդ հնարավորությունը, որ ես այսօր մարզպետ եմ նշանակվել»,- ասաց նա:

Կոտայքի մարզպետն անդրադարձավ նաև այն հարցին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Կոտայքի մարզ կատարած այցելության ժամանակ հավաքին ներկա էին մեծ թվով երեխաներ, ինչը քննադատական գնահատականների է արժանացել հանրության շրջանում: Մեսրոպյանը, սակայն, հավաքին երեխաների մասնակցության մեջ ոչ մի վատ բան չի տեսնում:

«Պատմության ընթացքում միայն մեր երկրում չէ և մեր օրերում է, որ նման հավաքների ժամանակ մասնակցում է նաև մատաղ սերունդը, և այդտեղ ես տարօրինակ որևէ բան չեմ տեսնում»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել