«2020 թվականի նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիայից հետո Հայաստանը հայտնվել է գրեթե կատարյալ մեկուսացման ու օտարացման մեջ, ինչն արտահայտվում է ամենատարբեր դրսևորումներով: Պատերազմում կրած պարտությանը հաջորդած հինգ և ավելի ամիսների ընթացքում Հայաստան գրեթե չի այցելել որևէ օտարերկրյա պաշտոնյա կամ պատվիրակություն, նույն կերպ հայկական որևէ պաշտոնյա կամ պատվիրակություն չի մեկնել ար­տերկիր: Առանձին բացառություն­ներ, իհարկե, եղել են, Հայաստան այցելել են տարբեր միջազգային պատվիրակություններ, բայց դրանք եղել են տարածաշրջանային այցերի համատեքստում արարողակարգային ու պարիտետային տրամաբանությամբ: Իսկ հայ պաշ­տոնյաներն արտերկիր են մեկնում որևէ վերպետական կազմակեր­պության, ասենք Եվրասիական մի­ության միջոցառումներին մաս­նակցելու նպատակով միայն:

Դրա­նից դուրս ոչ որևէ լուրջ պաշտոնյա է այցելում Հայաստան, ոչ էլ որևէ հայ, առավել ևս բարձրաստիճան պաշտոնյա է լինում այս կամ այն երկրում: Աշխարհը, կարծես, փակ­վել է Հայաստանի համար: Իշխանության գալուց հետո մի­ջազգային վոյաժներից աչք չբա­ցող Նիկոլ Փաշինյանը վերջին ան­գամ ինքնաթիռ է նստել անհիշելի ժամանակներում, այն էլ ԵԱՏՄ ինչ-որ անիմաստ միջոցառման մաս­նակցելու նպատակով: Երկկողմ մակարդակում Նիկոլ Փաշինյանին չեն ընդունում որևէ երկրում, ան­գամ նույն ԵԱՏՄ «եղբայրական պետություններում»:

Արևմուտքի մասին խոսելն ան­գամ ավելորդ է: Եվրոպան ու ԱՄՆ-ն, որտեղ այդքան անբռնազբոս այցելում էր Նիկոլ Փաշինյանն իշ­խանության սկզբնական շրջա­նում, (թեև գոնե ԱՄՆ-ում չարժա­նանալով որևէ լուրջ ընդունելու­թյան), հիմա փակվել են նրա առջև: Նիկոլ Փաշինյանն այլևս հե­տաքրքիր չէ որևէ երկրի կամ աշխարհաքաղաքական բևեռի, նա վերածվել է իսկական իզգոյի այդպիսին դարձնելով նաև Հայաստա­նը: Նիկոլ Փաշինյանի ղեկավա­րած պետությունը դադարել է հետաքրքրել որևէ մեկի, այն դեպ­քում, երբ աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային զարգա­ցումների իմաստով Հայաստանը գտնվում է շատ բևեռների հե­տաքրքրության տիրույթում:

Պար­զապես Նիկոլ Փաշինյանի վարած խայտառակ քաղաքականության արդյունքում Հայաստանով հե­տաքրքրվողներն իրենց հետաքրք­րություններն արդեն բավարարում են կամ Ռուսաստանի, կամ Թուր­քիայի հետ շփումներում: Հայաստան պետություն բառի բովանդա­կային իմաստով, այլևս չկա, կա տարածք, որտեղ առայժմ գործում է ռուսական պրոտեկտորատ: Այն կախված աշխարհաքաղաքական այս կամ այն զարգացումից, կա­րող է փոխվել. պրոտեկցիան, այսպես թե այնպես, կմնա, բայց մի պրոտեկտորը կարող է փոխարի­նել մյուսին: Դատելով ներկայիս տարածաշրջանային զարգացում­ներից ու Հայաստանի իշխանու­թյան պատրաստականությունից, դրա ամենամեծ հնարավորու­թյունն ունի Թուրքիան:

Հայաստա­նի ինքնիշխանությունը, որի մա­սին այդքան հպարտորեն ու պա­թետիկ առոգանությամբ հայտա­րարում էր Նիկոլ Փաշինյանը, նրա իսկ գործողությունների արդյուն­քում հավասարվել է պատմական մինիմումի, եթե ընդհանրապես կարելի է խոսել ինքնիշխանության մասին: Նա համաձայնել է զիջել Հայաստանի ինքնիշխանությունը այս փուլում Ռուսաստանին, բայց բաց թողնելով հարմար պահի այն որևէ երրորդ կողմի, այդ թվում Թուրքիային վերազիջելու հնարա­վորությունը:

Նաև սա է պատճառը կամ հենց սա է պատճառը, որ Հա­յաստան այլևս որևէ լուրջ երկրից որևէ լուրջ պաշտոնյա չի այցելում, այցելողները մեկնում են կամ Մոսկվա, կամ Անկարա, որոնց միջև Հայաստանի հաշվով գոնե այս պահին ձևավորվել է «փոխշահավետ համագործակցության» մթնոլորտ: Այսինքն` Հայաստանից դուրս Հայաստանի մասին կարող են կայացվել ու կայացվում են որոշումներ, որովհետև Հայաստա­նում որոշումներ կայացնողն այդ իրավունքը պատվիրակել է այլոց Հայաստանում նոմինալ իշխանու­թյունը պահպանելու զրահապատ մեքենաներով ու թիկնապահներով շրջելու, բյուջետային միջոցները սեփական հայեցողությամբ ծախ­սելու, պարգևավճար ու ատկատ բաժանելու իրավունքի համար, վերջին հաշվով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել