Վարչապետի խոսնակը հայտարարել է, թե տեղյակ չէ վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի վերաբերյալ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի մասնակցությամբ տարածվող աղմկահարույց ձայնագրության մասին:

Համացանցում սկանդալային ձայնագրություն է տարածվել, որտեղ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալն այլ անձի հետ ձայնային հաղորդագրությունների միջոցով հաղորդակցվելիս հայտարարել է, թե Աննա Հակոբյանը չի ունեցել որեւէ կարգավիճակ ու անհասկանալի է թե ինչու եւ ինչպես է նա հայտնվել հրամանատարական կետում։

«Կներեք, բայց մեկը ես չեմ պատկերացնում՝ հրամանատարական կետը բարդակ է, որտեղ կարա հայտնվի յուրաքանչյուր ոք ու ծանոթանա պատերազմական իրավիճակում ռազմական գաղտնիքներին»,- ասել է նա եւ ավելացրել.

«Որպես այդպիսին՝ Հակոբյան Աննան ոչ մի կարգավիճակ չունի, անգամ առաջին տիկնոջ կարգավիճակ չունի: Ու ի՞նչ իրավունքով ա հայտնվել հրամանատարական կետում, ոնց որ դուք եք նշում՝ հույժ գաղտնի քարտեզների դիմաց, էդ հարցը ինձ էլ ա շատ հետաքրքրում՝ որպես էդպիսին: Մենակ էդ չի: Էնտեղ բազմաթիվ հարցեր կան»,-ասել է Չախոյանը:

Այս առիթով «Փաստինֆո»-ն մեկնաբանություն խնդրեց վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանից, վերջինս նշեց, որ չգիտի՝ ինչի մասին է խոսքը.

«Չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը, ձայնագրությունից տեղյակ չեմ և մեկնաբանություն չունեմ»,-ասաց Գևորգյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել