Pastinfo.am-ը գրում է.

Սոցցանցերում պրոիշխանական ակտիվությունն առնվազն մասամբ վերաբերում է կեղծիքի տարածմանը,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում արձանագրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի կողմից կեղծիքի տարածմանը։

Հիշեցնենք, որ երեկ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր լուսանկար, իբրև՝ «Հայրենիքի փրկության շարժման» հավաքից հետո Բաղրամյան պողոտայում աղբի կուտակման վերաբերյալ։ Այն մեղ աղմուկ էր բարձրացրել, քանի որ պարզվել էր, որ լուսանկարում պատկերված փողոցն իրականում Բաղրամյան պողոտան չէ, ավելին` այն ոչ մի կապ չունի Երեւանի ու ընդհանրապես Հայաստանի հետ։ Լուսանկարն արվել էր 2017թ. Ուկրաինայում՝ Մելիտոպոլում։

Ֆեյսբուքյան օգտատերերի կողմից կեղծիքի բացահայտումից հետո Չախոյանը հեռացրել է լուսանկարը ֆեյսբուքյան իր էջից՝ սխալ ինֆորմացիա տարածելու համար ներողություն խնդրելով։

«Մենք ունեցանք իրավիճակ, երբ շատ արագ գտնվեց իրական լուսանկարը, իսկ ի՞նչ գիտենք, որ չենք ունեցել բազմաթիվ դեպքեր, երբ նույնպես կեղծիք է տարածվել, բայց այն ջրի երես դուրս բերելը դժվարություն է իրենից ներկայացրել, որովհետև այդ տեսանյութերը կամ լուսանկարները դժվար նույնականացվող են։ Սա արտահայտիչ օրինակ է, որը խոսում է ոչ միայն այս միջադեպի մասին, այլև՝ ավելի լայն համատեքստով այն մասին, որ իշխանություններն ամենևին ձեռնպահ չեն մնում նմանաբնույթ կեղծիքներ տարածելուց»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Ըստ նրա՝ կեղծիքի բացահայտմանը հաջորդած ներողությունը պայմանավորված էր նրանով, որ որևէ այլ ասելիք չկար։ Մելիքյանը հիշեցրեց այլ կեղծիքներ ևս, երբ Չախոյանը «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքին կապում էր Արա Սաղաթելյանի հետ, սակայն այդ դեպքում որևէ ներողություն չհնչեց։

«Չմոռանանք՝ երբ նման կեղծ տեղեկություններ են տարածվում, որոնք ունեն մեծ լսարան, հետո դրանց հերքումը շատ ավելի քիչ է տարածվում։ Կարող ենք վստահ լինել, որ եղել են և կան մարդիկ, որոնք բուն տարածված նյութը տեսել են, բայց դրա հերքումը չեն տեսել և նրանց մոտ դեռևս մնացել է համոզմունք, որ օրինակ ընդդիմությունը կեղտոտ է թողել Բաղրամյան փողոցը և հեռացել է »,- նշեց Մելիքյանը։

Դիտարկմանը, որ ստացվում է՝ քաղաքացիների հարկերից գումար են ստանում՝ հանրությանը մոլորության մեջ գցելու, կեղծ լուրեր տարածելու համար, Մելիքյանն արձագանքեց՝ նշելով, որ այդպես էլ չի հասկացել, թե այդ անձնավորությունն ինչ արժանիքների համար է նշանակվել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում։

«Մի մարդ, որի կենսագրությունը մեղմ ասած շատ աղքատիկ է։ Կարելի է ասել, որ կենսագրություն էլ չկա առանձնապես։ Նա հայտնի է իր ֆեյսբուքյան պրոիշխանական ակտիվությամբ և հիմա մենք տեսնում ենք, որ ունենք շատ հստակ ապացուցված դեպքեր, որ այդ պրոիշխանական ակտիվությունն առնվազն մասամբ վերաբերում է կեղծիքի տարածմանը։ Այս ամենը հաշվի առնելով, կարծում եմ, հասկանալի է, որ գործ ունենք ուղղակի կեղծիքի վճռականության բավականին մշակված մոդելի հետ, որն ուղղակի այս անգամ խափանվեց՝ չափազանց վատ աշխատանքի պատճառով»,- նշեց Մելիքյանը։

Նա ընդգծեց, որ գործ ունենք հերթական անգամ պետական պաշտոնները ոչ թե արժանիներին, այլ՝ սեփական թիմակիցներին և հավատարիմներին բաշխելու երևույթի հետ, որը դասական կոռուպցիա է։ Մելիքյանը նշեց, որ հիմքեր կան կարծելու, որ գործ ունենք կոռուպցիայի հետ, քանի որ մարդիկ խոսում են կոռուպցիայի մասին, սակայն աշխատանքի են վերցնում մարդկանց, որոնք ոչ մի արժանիքով հայտնի չեն, այլ՝ հայտնի են ֆեյսբուքյան ակտիվությամբ, այն էլ՝ հաճախակի կեղծ բովանդակություն ունեցող։

Ինչ վերաբերում է պաշտոնատար անձի կողմից նման վարքագծի դրսևորման դեպքում կարգապահական պատասխանատվության ենթարկելուն, Մելիքյանը նշեց, որ եթե այդ անձնավորությունը շարունակեր պնդել իր գրառման բովանդակությունը, ապա միանշանակ կար կարգապահական պատասխանատվություն ենթարկելու հիմքերը։

«Այն բանից հետո, երբ նա հեռացրեց և ներողություն խնդրեց, կդժվարանամ ասել՝ այստեղ կան նման հիմքեր, թե ոչ, որովհետև այդուհանդերձ որոշակի գործողություններ կատարվեց և ներողության դրսևորում եղավ։ Այս պարագայում արդեն միանշանակ չէ կարգապահական պատասխանատվության հարցը»,- նշեց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել