Hraparak.am-ը գրում է.

Նախագահականն ու «վարչապետականը» երեկ միանման հաղորդագրություններ տարածեցին առ այն, որ Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպել են և քննարկել երկրում ստեղծված իրավիճակը, ներքաղաքական մթնոլորտի բարելավմանը միտված քայլերը, նաև անդրադարձել խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը:

Հանդիպմանը, պարզվում է, երկուստեք կարևորվել է ընտրությունների ազատ և արդար կազմակերպմանն ուղղված անհրաժեշտ քայլերի իրականացումը, այդ թվում՝ Սահմանադրության և օրենսդրական դաշտի կատարելագործման միջոցով:

Սա այն նախագահն էր, որը դեռ նոյեմբերի 16-ին իբրև թե պահանջում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ինչո՞ւ իբրև թե, որովհետև նա իր անունից նման բան չի հայտարարել այլ նշել էր, թե հանդիպում-խորհրդակցություններ է ունեցել տարբեր ուժերի, կառույցների հետ, «Հանդիպման մասնակիցների բացարձակ մեծամասնությունը համակարծիք են մեկ հարցում՝ Սահմանադրությանը համապատասխան վարչապետի հրաժարական կամ պաշտոնավարման դադարեցում և արտահերթ խորհրդարանական ընտրություններ»։

Մեր միամիտ հասարակությունն էլ Արմեն Սարգսյանի՝ տիեզերական մասշտաբի ավանտյուրաների արանքում փորձել էր վճռականություն և կամք հայտնաբերել՝ հավատալով, թե նախագահը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Արմեն Սարգսյանն ավելի շուտ տիեզերք կթռչի, քան կհամարձակվի Փաշինյանի հրրաժարականը պահանջել։ Ու այսօր այս մարդը, որի երազանքն իսկապես տիեզերք թռչելն էր ու գիտաֆանտաստիկ անուրջներում սավառնելը, զբաղված է էժանագին աճպարարությամբ․ շաբաթը մեկ հանդիպում է իրեն մատի վրա խաղացնող, իրեն իր անձնական դավադիր շահերի համար օգտագործող և առերևույթ կոմպրոմատներով իրեն գործադիրի «ստրուկը» դարձրած մեկի հետ՝ քննարկելու «երկրում ստեղծված իրավիճակը»։ Արմեն Սարգսյանի անլրջությունը հիրավի տիեզերական սահմանների է հասնում։ Սերժ Սարգսյանը, կարծում ենք, «Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելուց զատ» պետք է պատասխան տա նաև Արմեն Սարգսյանին նախագահի աթոռին նստեցնելու համար։ Ցավոք, հայ ժողովուրդը նրանից այդպես էլ վճռական որևէ գործողություն չտեսավ՝ բացի «սատանայի առջև դեսպանություն անելուց»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել