Pastinfo.am-ը գրում է.

Պատերազմի ընթացքում փորձ է արվել պլանավորել մի քանի ավանտյուրա, որոնք կանխել եմ,- այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով «Լելե թեփե» օպերացիային։

Ըստ նրա՝ այդ օպերացիայի ժամանակ ինքն Արցախում չի եղել եւ իր վերլուծությունների համաձայն իրեն Արցախից հեռացնելու պատճառը եղել է հենց այդ օպերացիայի պլանավորումը:

«Այդպիսի մի քանի օպերացիաներ, ավանտյուրա եւս փորձել են պլանավորել, իրականացնել, ես կանխել եմ իմ հնարավորության սահմաններում, գտել եմ ոչ նպատակահարմար: Հրամանատարությունը լսել է ինձ: Ինձ հանելուց մեկ օր հետո օպերացիան պլանավորվում է, երկրի վարչապետը գնում է այնտեղ, հաստատում պլանը՝ բանավոր, եւ սկսում են կիրառել: Արդյունքում մենք կորցնում ենք մեր ռեզերվն ու հարավային դարպասը հնարավոր չի լինում պահել, որտեղ հակառակորդը մխրճվում է: Դա իմ տեսակետն է:

Կարծում եմ, որ այդ օպերացիան եւս վերլուծության արժանի է, որպեսզի պարզ լինի, թե ռազմավարության արվեստի տառին ոչ համապատասխան օպերացիան ինչ արդյունքների է բերում: Ռազմարվեստին, մարտավարությանը հակառակ օպերացիա է պլանավորված եղել, եւ ի սկզբանե կանխատեսելի է եղել, որ այն հաջողություն չի կարող ունենալ»,-ասել է գեներալը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել