Panorama.am-ը գրում է.

««Իսկանդերը» կիրառվել է, և դա փաստ է։ Այն չի կարող կիրառվել ու չպայթել, իսկ կրած վնասների մասին կարող է տեղեկություններ տրամադրել միայն հակառակորդը»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։

Նրա խոսքով, այն տարածքը, որ վրա կիրառվել է «Իսկանդերը», հեռու տարածությունից լավ տեսանելի չէ, բացի այդ օրը եղել է ամպամած, ինչը ևս տեսանելիության խնդիր է առաջացրել, ուստի պայթյունից առաջացած վնասների մասին կարող է խոսել միայն հակառակորդը, եթե իհարկե հայկական կողմն այդ տարածքները հետագայում հետ չի բերել։

«Իսկ ես գիտեմ, որ այդ տարածքը, որի վրա կիրառվել է «Իսկանդերը», մենք հետ չենք բերել, ու հետևանքների մասին չենք կարող խոսել։ Եվ իմ հայտարարությունը, որ վնասների մասին տեղեկություն կարող է հայտնել միայն Ադրբեջանը, սրանով է պայմանավորված։ Ուրիշ մարդ չի կարող արդյունքների մասին ասել»,- նշեց նա։

Ըստ Մովսես Հակոբյանի, իրենց Արցախից հանելու պատճառը եղել է «Լելե-Թեփեի» օպերացիան, քանի որ նմանատիպ մի քանի օպերացիաներ ևս փորձել են պլանավորել, իսկ ինքը կանխել է։

«Այդպիսի մի քանի ավանտյուրա ևս փորձել են իրականացնել, իսկ ես իմ հնարավորությունների սահմաններում կանխել եմ դրանք, հրամանատարությունն էլ լսել է ինձ։ Եվ ինձ հանելուց ընդամենը մեկ օր հետո այդ օպերացիան պլանավորվում է, և երկրի ղեկավարը գնում է այնտեղ, բանավոր հաստատում է պլանը, և սկսում են դա անել։ Արդյունքում մենք կորցրել ենք մեր ամբողջ ռեզերվը, և հարավային դարպասը պահելու հնարավորություն չի լինում։ Կարծում եմ՝ այդ օպերացիան ևս վերլուծության արժանի է։ Այդտեղ ռազմարվեստի մարտավարությանը հակառակ օպերացիա է իրականացվել, որն ի սկզբանե կանխատեսելի է եղել, որ հաջողության չի հասնելու»,- ընդգծեց նա։

Մովսես Հակոբյանն ասաց, փաստ է, որ հակառակորդը լուրջ պատրաստված էր այս պատերազմին, բայց պատերազմի առաջին երեք օրերին, երբ պաշտպանությունը դեռևս ճեղքված չէր, հակառակորդի հարձակումները պետք է մարվեին, և նա չպետք է կարողանար ճեղքում իրականացնել։

«Մեր զինվորների սխրագործություններն ապացուցում են, որ բանակը կարողացել է դիմադրել այդպիսի ահռելի ուժին։ Հակառակորդի տանկերը խոցում էին, և մի պահ նա սահմանափակեց տանկերի կիրառումը, քանի որ մեծ մասը վառվել էր մարտի դաշտում։ Հակառակորդն առանձնապես մեծ առավելություն է ունեցել օդում. ԱԹՍ-ների դեմ պայքարը մեր մոտ բավականին թույլ է եղել։ Սա է եղել, որ հակառակորդը հնարավորություն է ունեցել ինչ-որ հատվածներ ճեղքել։ Այդտեղից են սկսվել մեր բացթողումները»,- կարծիք հայտնեց Մովսես Հակոբյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել