Իմ արած հայտարարությունների հիման վրա ՀՔԾ-ում հարուցված է քրեական գործ, հարցաքննվել եմ ես և մի շարք զինվորականներ։ Ես պնդում եմ, որ կա առերևույթ հանցագործություն, որը վերաբերում է բանակի համալրմանը, սպառազինությանը և այլն։ Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով նախկինում իր արած այն հայտարարություններին, որոնք վերաբերում են նախքան պատերազմը և պատերազմից հետո բանակում տեղի ունեցած իրադարձություններին:

«Քանի որ շատերը նշել են, որ իմ հայտարարությունների մեջ կա գաղտնիության ռեժիմի խախտում, դրա վերաբերյալ դեռևս քրեական գործ չկա»,-նշեց Մովսես Հակոբյանը։

Նա կարևորեց հանձնաժողովի ստեղծումը, որը կուսումնասիրի պարտության պատճառները:

«Շատ բաներ ունեմ ասելու, բայց դրանք եթերային չեն։ Վարչապետը, իմ անունը չնշելով, անուղղակի ակնարկել էր ինձ՝ անդրադառնալով «ՍՈՒ-30»-ների մասին իմ արած հայտարարությանը: Այն արտահայտությունը, թե․ «Թող իրենք առնեին ՍՈՒ 30, մենք առնեինք հրթիռներ», երեխայական անհեթեթ արտահայտություն է:

Հակոբյանն ընդգծեց, որ «ՍՈՒ- 30»-ները կարող են կրել նաև այնպիսի հրթիռներ, որոնք կան մեր սպառազինության մեջ:

«Այս հարցի պատասխանը թող վարչապետը տա:  Դատախազությունը թող բացահայտի, թե ինչու մենք չենք ունեցել այն երեք պարամետրերից մեկը, որը պիտի ունենան «ՍՈՒ-30»-ները: Մեր ավիացիան, որի վրա ավելի շատ գումար է ծախսվել, քան ամբողջ բանակը միասին վերցրած, ինչո՞ւ չի աշխատել: Ինչո՞ւ են իրականացրել ընդամենը մի քանի թռիչք: Մեր ավիացիան Լաչինից այնկողմ չի անցել: Ես գիտեմ՝ ավիացիայի կիրառության մի քանի դեպք, որոնք ոչ նպատակային և անհաջող են եղել։ Ավիացիան կիրառելու համար է և ոչ թե նրա մոտ նկարվելու և ժողովրդին խաբելու»,-ասաց Մովսես Հակոբյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել