Hraparak.am-ը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գարիկ Գուրգենի Բոշյանին նշանակել է վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ` ուղիղ 1 տարի փորձաշրջանով։ Բոշյանի փորձաշրջանը համակարգող է նշանակվել վարչապետի աշխատակազմի կադրերի եւ անձնակազմի կառավարման վարչության պետ Լուսինե Լեւոնի Ալեքսանյանը։ Մեզ հայտնի դարձավ, որ Բոշյանին այդ պաշտոնին է բերել առողջապահության նախկին նախարար, ներկայումս վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, նա էլ, փաստորեն, Ռոմանոս Պետրոսյանի եւ սոցապնախարար Մեսրոպ Առաքելյանի նման՝ իր նախկին կադրերին կամաց-կամաց տեղավորում է նոր աշխատանքի։ 

Բոշյանն այս պաշտոնի համար պահանջվող աշխատանքային փորձը չունի, հենց դրանով է պայմանավորված 1 տարի փորձաշրջանը։ Նա նախկինում աշխատել է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում՝ որպես ֆինանսատնտեսական գծով փոխտնօրեն։

Փաստորեն, նպատակ ունեն, որ անհրաժեշտ ստաժն այս փորձաշրջանի ընթացքում լրացնի, որ նշանակեն աշխատակազմի գործերի կառավարիչ։ Նշենք, որ վարչապետի գործերի կառավարիչն իրականացնում է աշխատակազմի աշխատողների նյութատեխնիկական սպասարկումը, այդ թվում՝ ապահովում է տրանսպորտային միջոցների ծառայությունները, կազմակերպում է վարչապետի աշխատակազմի եւ կառավարությանը ենթակա մարմինների գնումների գործընթացը, վերահսկողություն է իրականացնում աշխատակազմում շինարարական եւ վերանորոգման աշխատանքների իրականացման նկատմամբ, ապահովում է աշխատակազմի վարչական շենքերի եւ դրանց հարող տարածքների շահագործումը, բարեկարգումը, ընթացիկ եւ կապիտալ շինարարությունը,  աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է աշխատակազմին ենթակա կազմակերպությունների գործունեության վերահսկումը եւ համակարգումը, «Սպասարկում» եւ «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունների աշխատանքների համակարգման միջոցով իրականացնում է աշխատակազմի ծառայողական եւ օժանդակ շենքերի, ընդհանուր օգտագործման տարածքների, աշխատասենյակների պահպանման, կապի, էներգամատակարարման, ջրամատակարարման, վերելակային ծառայությունների մատուցման, հակահրդեհային եւ պահակային ծառայությունների նկատմամբ ինժեներատեխնիկական վերահսկողություն, վերահսկողություն է իրականացնում աշխատակազմին ամրացված կամ օգտագործման հանձնված գույքի պահպանման նկատմամբ, ապահովում է ընթացիկ տարվա ֆինանսական հատկացումների խնայողական oգտագործումը եւ ապրանքանյութական արժեքների պահպանվածությունը, մշակում է իր գործունեության ոլորտների վերաբերյալ իրավական ակտերի նախագծեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել