Մարտի 18-ին ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 65-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդես է եկել տեսաուղերձով: Որպես «Կանանց հարցերով խորհրդի» նախագահ՝ փոխվարչապետը հավաստել է Հայաստանի հանձնառությունը սեռերի միջեւ հավասարության ապահովման եւ խտրականության վերացման ուղղությամբ: Նա ներկայացրել է 2019-2023թթ. Հայաստանի՝ սեռերի միջեւ հավասարության քաղաքականության ռազմավարությունը: Տիգրան Ավինյանը նաեւ ուշադրություն է հրավիրել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ խաղաղ բնակչության թիրախավորման հարցի վրա՝ կարեւորելով Արցախի «քաղաքացիական բնակչության համար մարդասիրական օգնության հասանելիության ապահովումը նաեւ կանանց եւ աղջիկների կենսական կարիքները հոգալու համար»:

Փոխվարչապետի ամբողջական ելույթը՝ ստորեւ:

«Հարգելի նախագահ,

Ձերդ գերազանցություններ,

Տիկնայք եւ պարոնայք,

Ինձ համար պատիվ է ելույթ ունենալ «Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի» 65-րդ նստաշրջանում: Նիստի առանցքային թեման հնարավորություն է ընձեռում մանրակրկիտ քննարկելու առկա անհավասարություններն ու խտրականությունը, որոնց առերեսվում են կանայք քաղաքական եւ հասարակական կյանքում, ինչպես նաեւ համավարակի ազդեցությունը կանանց նկատմամբ բռնության մակարդակի վրա, այդ թվում՝ ընտանեկան բռնությունը:

Կանանց իրավունքների պաշտպանությունը եւ կանանց ու աղջիկների նկատմամբ խտրականության վերացումը Հայաստանի հիմնարար գերակայություններից մեկն է, որը նաեւ հանդիսանում է 2020-2022թթ. Մարդու իրավունքների խորհրդին Հայաստանի անդամակցության հիմնական կռվանը:

Այս համատեքստում, օրենսդրական բարեփոխումներին զուգահեռ, Հայաստանում այժմ իրականացվում է սեռերի միջեւ հավասարության խթանմանն ուղղված ծրագրերի լայն շրջանակ: Հայաստանի 2019-2023թթ. սեռերի միջեւ հավասարության հաստատման քաղաքականության ռազմավարությունը սահմանում է կառավարության առաջնահերթությունները` սեռերի միջեւ հավասարության հասնելուն միտված որոշումների կայացման գործընթացում, ինչպես նաեւ գիտության, կրթության եւ սոցիալ-տնտեսական ոլորտներում կանանց հավասար մասնակցության ապահովման ուղղությամբ:

COVID-19 համավարակի արձագանքման եւ վերականգնման ծրագրերի շրջանակներում ՀՀ կառավարությունը ձեռնարկել է նպատակաուղղված գործողություններ` մեղմելու ճգնաժամի հետեւանքներն առավել խոցելի խմբերի համար` հատուկ ուշադրություն դարձնելով կանանց եւ աղջիկների կարիքներին:

Հայաստանում սեռերի միջեւ հավասարության քաղաքականության իրականացումը ազգային, մարզային եւ համայնքային մակարդակներում դրված է ինստիտուցիոնալ հիմքերի վրա: Որպես համակարգող մեխանիզմ` Հայաստանի Հանրապետության կանանց հարցերի խորհուրդը հանձնառու է ապահովելու կանանց եւ տղամարդկանց հավասար մասնակցությունը քաղաքական եւ սոցիալ-տնտեսական գործընթացներին: Ընդգծելով Կայուն զարգացման նպատակներ-5 ծրագրի նշանակությունը եւ դրա հիմնական թիրախները` Հայաստանը նաեւ բարեփոխումներ է իրականացրել` տնտեսական ռեսուրսներին կանանց համար հավասար հասանելիություն ապահովելու եւ կանանց տնտեսական կարողությունների հզորացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ:

Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ օտարերկրյա ահաբեկիչ մարտիկների ներգրավմամբ սանձազերծված վերջին ագրեսիան գոյաբանական սպառնալիք է առաջացրել Արցախի բնակչության համար՝ նրանց պաշտպանության հարցը դարձնելով հրատապ գերակայություն: Ադրբեջանի ոչ խտրական եւ անհամաչափ ռազմական հարձակումները, գնդակոծությունները եւ ռմբակոծությունները հանգեցրել են քաղաքացիական զոհերի ու զանգվածային տեղահանությունների եւ մեծ վնաս են հասցրել տարածաշրջանի քաղաքացիական ենթակառուցվածքներին, ներառյալ՝ ծննդատներին ու առողջապահական այլ հաստատություններին:

Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության համար մարդասիրական օգնության հասանելիությունը չափազանց կարեւոր է կանանց եւ աղջիկների կենսական կարիքները հոգալու համար: Անհրաժեշտ է անհապաղ իրականացնել սոցիալական եւ վերականգնման անհատական ծրագրեր հակամարտության արդյունքում տուժած բոլոր կանանց, այդ թվում` այն կանանց համար, ովքեր ստիպված են եղել փախչել Հայաստան:

Մարդասիրական մեկ այլ հրատապ խնդիր է հայ ռազմագերիների եւ քաղաքացիական պատանդների, այդ թվում` Ադրբեջանի կողմից պատերազմի եւ հետպատերազմյան շրջանում գերեվարված կանանց անհապաղ վերադարձը:

Հարգելի պատվիրակներ,

Հայաստանը կշարունակի նորարարական մոտեցումներ ցուցաբերել կանանց իրավունքների խթանման եւ սեռերի միջեւ հավասարության հասնելու հարցում:

Որպես «Սերունդների հավասարության» ֆորումի «Տեխնոլոգիա եւ նորարարություն հանուն սեռերի միջեւ հավասարության» գործողությունների կոալիցիան առաջնորդող երկիր՝ Հայաստանը կօգտագործի ժամանակակից տեխնոլոգիաներ՝ սեռերի միջեւ հավասարությունը խթանելու համար:

Հայաստանը հանձնառու է հասարակական կյանքում կանանց լիարժեք եւ ներառական մասնակցության ապահովմանը, ինչպես նաեւ նրանց իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը` վերափոխումներ իրականացնելու եւ ավելի լավ աշխարհ կառուցելու, ինչպես նաեւ գալիք սերունդների համար պայծառ ապագա կերտելու համար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել