Hraparak.am-ը գրում է.

Դե ինչ, եթե Նիկոլ Փաշինյանը մի որոշ ժամանակ անց չհայտարարի, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունների հասարակական պահանջ չկա, ապա հունիսի 20-ին կկայանան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Դատելով ժամկետից՝ ընտրություններն անցկացվելու են ռեյտինգային ընտրակարգ ունեցող գործող օրենսգրքով։

Այս լուրից քաղաքական դաշտը նոր-նոր է արձագանքում։ Աս պահին կարող ենք ասել, թե ովքեր են հայտարարել մասնակցության մասին և կամ չեն բացառել։ ԲՀԿ-ն կմասնակցի՝ հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը սույն հայտարարությունն արեց՝ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպելու և ընդհանուր հայտարարի գալուց հետո։ Կմասնակցի նաև Ռոբերտ Քոչարյանը, ինչպես հայտարարել էր 2-րդ նախագահը իր վերջին հարցազրույցում։

ՀՀԿ-ն այս պահին դեռ որոշում չունի։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտնեց նաև իր անձնական կարծիքը, թե ընտրությունների կազմակերպումը վնասելու է ՀՀ առաջնահերթ շահերին։ Ինչևէ, իրենց քայլերը լինելու են կշռադատված և ուժգին, ինչպես երեկ հայտարարել էր Սերժ Սարգսյանը։ Արտախորհրդարանական ուժերը դժգոհ են նրանից, որ ընտրություններն անց են կացվում գործող օրենսգրքով․ ՀԱԿ, ՔՈ, Նորայր Նորիկյանի նորաստեղծ «Արդար Հայաստան» և այլք։

«Արդար Հայաստանը» հայտարարել էր, որ մասնակցելու է 2020թ. հունիսի 20-ին նախատեսվող խորհրդարանական արտահերթ ընտրություններին՝ դիտարկելով այն քաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու, որակապես նոր քաղաքական միջավայր ձևավորելու միջոց, ինչպես նաև Հայաստանի ռազմավարական զարգացմանը միտված հնարավորություն։ Միևնույն ժամանակ Նորայր Նորիկյանն ասում է․ «Գործող «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի առանցքը կազմում է քողարկված մեծամասնական համակարգը, որը յուրովի պատուհան է կասկածելի հեղինակություն, քրեածին հակումներ, ֆինանսական ահռելի ռեսուրսներ տիրապետող շրջանակների համար, որոնց գործադրման միջոցով հնարավոր է փորձ արվի ազդել ընտրությունների վերջնական ելքի վրա»։ 

Ամեն դեպքում, եթե ընտրություններն անցկացվեն, հնո՞վ կմասնակցեն։ 
«Պետք է ամեն ինչ անենք, որ մասնակցենք, սա նոր որակի իշխանություն ձևավորելու օրինական միջոց է։ Ինչ անենք, չմասնակցե՞նք»,-ասաց Նորիկյանը։

Նա պնդեց, որ իշխանություններն ունեն նոր «Ընտրական օրենսգիրք» ընդունելու հնարավորություն։ Սուրեն Սուրենյանցի  «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը ևս կմասնակցի ընտրություններին, ինչպես «Հրապարակի» հետ զրույցում հայտնեց Սուրենյանցը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել