Panorama.am-ը գրում է.

«Մենք խնդրում ենք, որ բերեն մեր երեխաներին, տան մեզ, գոնե հանգստանանք»,- ասում է անհետ կորած զինծառայողի հայը՝ Մերուժան Մանուկյանը:

Նա և այլ անհետ կորած զինծառայողների հարազատներ կառավարության մոտ են, ցանկանում են որևէ մեկն իջնի ու իրենց հարցերին պատասխանի:

«Արդեն անհնար է, կանգնած եմ այստեղ, ջանս դողում է, չեմ կարողանում դիմանալ: Մարդ երկու օր իր երեխային չտեսնի, կգժվի, բա մենք ի՞նչ անենք: Ի՞նչ անեն այս ծնողները»,- նշում է նա:

Մերուժան Մանուկյանի խոսքով, ամեն հանդիպմանն ասում են՝ կբերենք, կբերենք, այսօր, վաղը:

«Թող ասեն քո տղեն ողջ է, այս ինչ տեղն է, կամ ասեն չկա… 6 ամիս է լուր չկա: Ի՞նչ է անում կառավարությունը: Ընտրվելու ժամանակ ասում են՝ ամեն ինչ ժողովրդի համար, հիմա ժողովորդը… 500 ծնող ի՞նչ անի: Ուզում են այդ 500 ընտանիքն էլ մեռնեն, պրծնե՞ն»,- վրդովված ասում է անհետ կորածի զինծառայողի հայրը:

Նրա խոսքով, ԴՆԹ անալիզ հանձնել են, բայց որևէ պատասխան չկա:

Անհետ կորած զինծառայողի հարազատ Լիպարիտ Թովմասյանն նշում է. «Ես տղա եմ տվել, ոչ թե ԴՆԹ, ոչ թե ոսկոր: Ես տղա չեմ տվել, որ տոպրակով բերեն»:

Անուշ Գևորգյանն էլ լրագրողների հետ զրույցում հայտնեց՝ վեց ամիս է լուր չունի որդուց. «Հանգիստ նստած են իրենց տեղերում, թող իջնեն, պատասխանեն մեզ: Այս ինչ խիղճ է, այս ինչ երկրում ենք ապրում: Հիմա մեր երեխայի հարցը պետք է լուծեն, ոչ թե  ընտրություններ կազմակերպեն:

Մենք երեխա ենք տվել, որ այսօրվա օրով մեզ դիակ տա՞ն: Եթե չեն կարողանում բերեն, թող ասեն մեզ, մենք դիմենք այլ երկրների»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել