Armeniasputnik.am-ը գրում է.

Այսօր ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում այս պահին Արցախում իրենց ծառայությունը շարունակող զինծառայողների ծնողները։ Նրանց միակ պահանջն այն է, որ այն զինվորները, որոնք մասնակցել են պատերազմին և շարունակում են իրենց ծառայությունը` զորացրվեն, քանի որ ո՛չ ֆիզիկապես, ո՛չ հոգեբանորեն պատրաստ չեն ծառայությունը շարունակելու։

«Մենք նոյեմբերից պահանջում ենք, որ պատերազմ տեսած մեր երեխաներին զորացրեն, որովհետև նրանք մարտունակ չեն, ուղղակի ի վիճակի չեն այդ ծանրությունը կրել։ Պատերազմն ավարտվեց, մեր երեխեքին բոլորը մոռացան, ոչ մեկը ոչ նրանցով չի հետաքրքրվում։ 44 օրվա հերոսները մոռացվեցին, նրանք հերոս են միայն ծնողների համար, պետությունը ոչինչ չի անում։ Զորամասերում տարրական պայմաններ չկան` ո՛չ ջուր, ո՛չ լույս, էլ չեմ ասում երեխաների հոգեբանական վիճակի մասին։ Ծառայում են նույն տեղում, որտեղ եղբայր են կորցրել, ընկեր են կորցրել»,–ասաց զինծառայողների ծնողներից մեկը։

Ծնողներից երկուսը մտել էին կառավարություն և զրուցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Մնացած ծնողներն անհամբեր սպասում էին վարչապետի հետ հանդիպման ավարտին։ Վարչապետի հետ հանդիպումից հետո ծնողները հայտարարեցին, որ ստիպված են ևս երկու շաբաթ սպասել։

«Մեզ երկու շաբաթ հետո միայն վպատասխան կտան։ Վարչապետից պահանջել ենք, որ խրախուսանքի ձևով պատերազմին մասնակցած մեր երեխաների զինծառայության ժամկետները կրճատեն, ինչպես նաև սոցփաթեթ տրամադրեն նրանց առողջական խնդիրների լուծման համար»,–ասաց վարչապետի հետ հանդիպած ծնողներից մեկը։

Հիշեցնենք, որ Արցախում ծառայող զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում նոյեմբերից սկսած։ Նրանք արդեն երեք անգամ հանդիպել են ՀՀ վարչապետի հետ, բայց իրենց պահանջները չեն բավարարվել։

Նշենք, որ կառավարության շենքի մոտ են հավաքվել նաև անհետ կորած զինառայողների ծնողները։ Նրանք պահանջում են, որ կառավարությունը քայլեր ձեռնարկի օր առաջ իրենց երեխաներին հայտնաբերելու ուղղությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել