«Նախօրեին վարչական դատարանն Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունը չեղարկեց: Կառավարությունը հայտնեց, որ չի պատրաստվում կատարել դատարանի որոշումը։ Զրուցել ենք ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանի հետ։

- Հիմա ո՞վ է ԶՈՒ ԳՇ պետը։ Իշխանությունը կարծում է, որ Վարչական դատարանն իրավասություն չուներ կասեցնել ազատման հրամանը։

- Ի տարբերություն մնացած իրավական ակտերի՝ Սահմանադրությունը բարձրագույն իրավական ակտն է,  սահմանադրական նորմը գերակայություն ունի մնացած բոլոր օրենքների նկատմամբ․․․ եթե Սահմանադրությունը չի նախատեսել ԳՇ պետի ազատումը, մնացած բոլոր օրենքները, որոշումները պետք է բխեն այդ կետից։

- Ուզում եք ասել, որ Գասպարյանի ազատման որոշումը հակասահմանադրական է, թեպետ կառավարությունը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը փոխել էր, և այդ հիմքով կայացվեց որոշումը։

- Հենց դրա պատճառով ՀՀ նախագահն այդ կետով չդիմեց ՍԴ, այլ օրենքի կետով, այսինքն՝ նա նորից տեղ թողեց նոր վեճ ստեղծելու՝ անտեսելով, որ սահմանադրական նորմն իմպերատիվ է և այլ մեկնաբանությունների տեղիք չի տալիս։

- Խնդրեմ, Վարչական դատարանի որոշումը մեկնաբանեք։

- Նույն Սահմանադրության մեջ կան նորմեր, որ ԶՈՒ հրամանատարական կազմին նշանակում և ազատում է վարչապետի առաջարկությամբ հանրապետության նախագահը, բայց կա հատուկ նորմ, որն ասում է՝ նշանակում է 5 տարի ժամկետով և որևիցե այլընտրանքային ելք չի տեսնում, հետևապես, գերակայություն ունեցողը մնում է դա։ Մնացածը բխում են դրանից։

- Բայց իշխանությունը չի  համարում, որ հակասահմանադրական որոշում է կայացրել։

- Ակնհայտ չէ՞, որ Նիկոլ Փաշինյանը բազմակի անգամներ տապալել է սահմանադրական կարգը․ սկսած դատարանների շրջափակումից, դուրս եկած միջազգային նորմերի կանոններին համապատասխան հայտարարություն ստորագրելը, նման իրավասություն նա չուներ, որովհետև Սահմանադրությամբ այլ կարգ էր նախատեսված։ Եթե մենք լինեինք իրավական երկիր, ապա վաղուց Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործ հարուցված կլիներ, և նա կլիներ նախնական կալանքի վայրում։ Բայց խնդիրն այն է, որ օրենքը չի գործում, ՀՀ գլխավոր դատախազը հանցավոր անգործություն է դրսևորում, ԱԱԾ պետը, ՀՔԾ պետը։ Օնիկ Գասպարյանին իրավունք չունեին անգամ ազատել, վերջ, սա է ամբողջը։

- Իսկ ռազմական դրության պայմաններում Օնիկ Գասպարյանն ունի՞ սահմանադրական լիազորություններ՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու։ Մի կողմից՝ ԳՇ-ն հայտարարեց, թե Փաշինյանը սպառնում է մեր անվտանգությանը, ուստի պետք է հեռանա, մյուս կողմից, չէ՞ որ Սահմանադրությունը ԶՈՒ-ին է վերապահում անվտանգության պահպանումը՝ քայլեր չպիտի՞ արվեն։

- Ռազմական դրության ժամանակ ԳՇ պետի լիազորություններն ավելի լայն են, քան սովորական ժամանակ, երբ նա ենթարկվում է պաշտպանության նախարարին, իսկ ռազմական դրության ժամանակ զորքերն են ենթարկվում ԳՇ պետին։

- Կոչ էին անում, որ Օնիկ Գասպարյանը Փաշինյանին ձերբակալի․ ունի՞ նա նման լիազորություն։

- Դա լրիվ ուրշ հարց է, Օնիկ Գասպարյանին ուզում են բերել մտցնել քաղաքականություն։ Ինքն ընդամենն ասաց, որ վարչապետն ազգակործան քաղաքականություն է վարում, և հնարավոր չէ այդ պայմաններում մեր ֆունկցիաներն իրականացնել՝ կոչ ենք անում, որ հրաժարական տա։

- Եթե իրոք ազգակործան քաղաքականություն է վարում Փաշինյանը, պիտի թողնել այդ քաղաքականությունը մինչև վե՞րջ իրականացնի, թե՞ կան կանխելու գործիքներ։

- Գիտեք, չենք կարող սահմանադրական մի նորմը վերցնել և ամբողջը կառուցել դրա շուրջը, բա մյուս ինստիտուտները գոյություն չունե՞ն, ես խոսեցի գլխավոր դատախազի, մյուսների, ՀՀ նախագահի մասին։ Եթե թիվ մեկ պաշտոնատար անձն իր դերում չէ, ազգադավ գործունեություն է իրականացնում, և ՀՀ նախագահն էլ հանցավոր անգործության է մատնված, ի վերջո, ՀՀ նախագահը պետության գլուխն է, և Սահմանադրության պահպանմանն ուղղված քայլեր ինքը պետք է անի։ 

- Գուցե Ձեր նշած անձինք Փաշինյանի կամակատարներն են, բայց ԶՈՒ-ն․․․

- Դա շատ ծավալուն թեմա է, այո, որովհետև պաշտպանել հայրենիքը, դա չի նշանակում միայն արտաքին թշնամուց պաշտպանել։ Բայց չեն կարող օրենքներն ու Սահմանադրությունը բոլոր իշխանականները ոտնատակ տան, միայն ընդդիմությունն ու ՊՆ-ն օրենքով շարժվեն։ Այսօրվա իշխանությունները պետք է հասկանան, որ յուրաքանչյուր ազդեցություն հակազդեցության է արժանանում, եթե օրինական ճանապարհով կոնֆլիկտին լուծում չտան և անօրինական քայլերի են դիմում, դա նշանակում է, որ ժողովրդին էլ են դրդում անօրինական քայլերի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել