Panorama.am-ը գրում է.

«Տրոյկաներ» ունենալու գայթակղությունը իշխանություններին հանգիստ չի տալիս։ Այս մասին իր հոդվածում անդրադարձ է կատարել  Այլընտրանքային նախագծեր խումբ Էլինար Վարդանյանը։

«Վերջին երկու տարիների ընթացքում իշխանությունների քաղաքական ծրագրերի իրագործման համար խոչընդոտներից մեկը եղել և շարունակում է մնալ դատական համակարգը։ Իր բոլոր թերություններով հանդերձ՝ դատական համակարգում գտնվեցին դատավորներ, ովքեր իրենց վրա վերցրեցին իշխանությունների ծանր հարվածները՝ իշխանությունների կամակատար չդառնալու գործում։

Մենք տեսանք իշխանության ամենաայլանդակ քայլերը՝ դատարանների շրջափակում, իրենց ցուցումները չկատարող դատավորների նկատմամբ քրեական և կարգապահական վարույթների հարուցում, դատավորներին «վնգստացող» անվանարկում, վեթթինգով ահաբեկում, «սրտի» դատավորների մեխանիզմի ստեղծում, սեփական հակակոռուպցիոն դատարան ստեղծելու օրենսդրական փորձ։

Արդյունքում սա ունեցավ հակառակ էֆեկտը։ Օրենքով և արժանապատվությամբ առաջնորդվող դատավորների շարքերը գնալով ավելացան, շատերը սկսեցին գիտակցել, որ ոչ թե գործադիրի կցորդ են, այլ իշխանության ինքնուրույն ճյուղի կրող։ Եվ որ դատական իշխանությունը կոչված է հակակշռելու իշխանության մյուս ճյուղերին, և ոչ թե հլու հնազանդ կատարելու նրանց ցուցումները։

Իշխանությունը, սակայն, չի հանձնվում։ Շրջանառության մեջ է դրվել և արտահերթ նիստում կքննարկվի «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթ, հապշտապ, առանց գլխադասային հանձնաժողովի եզրակացության, իսկ այնուհետև՝ երկրորդ ընթերցմամբ։

Դատական համակարգը ենթարկեցնելը իշխանությունների համար դարձել է կենաց ու մահի խնդիր։ Պատահական չէ, որ ԱԺ նախագահի տեղակալը սոցցանցում հայտարարում է «Հլա սպասի դատարանները վերցնենք», թե ումից, ինչպես և ինչ նպատակով՝ սա է գլխավոր հարցը։ «Իմ քայլը» շտապում է, որպեսզի կարողանա օր առաջ իրականացնել իր քաղաքական ծրագրերը, իսկ դրա համար անհրաժեշտ են ենթակա դատարաններ և դատավորներ։

Շրջանառության մեջ դրված նախագծերի փաթեթով առաջարկվում է նախ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ՀՀ արդարադատության նախարարից և Ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովից բացի, ԲԴԽ-ին դիմելու իրավունքով օժտել նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց: Դրանից բացի՝ ԲԴԽ-ն կարող է որոշել նաև այս կամ այն գործը վերցնել որևէ դատավորից և տալ մյուսին՝ որպես պատճառաբանություն նշելով փորձառությունը, արդյունավետությունը, ծանրաբեռնվածությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել