Pastinfo.am-ը գրում է.

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց, որ իրավապահ մարմինների հետ քննարկումների ընթացքում որոշվել է լուծարել Հատուկ քննչական ծառայությունը։ ՀՔԾ քննիչները ժամանակավորապես կնշանակվեն որպես Հակակռուպցիոն կոմիտեի քննիչներ: Այդ ընթացակարգով 20 անձ կնշանակվի։ 

Երկրորդ ընթերցմամբ քննարկվում էր Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որոնցում առաջին ընթերցմամբ ընդունումից հետո փոփոխություններ են կատարվել:

«Իրավապահ մարմինների հետ քննարկման արդյունքում որոշվել է լուծարել Հատուկ քննչական ծառայությունը: Կոռուպցիոն հանցագործություններով նախաքննությունը և գործերի բաշխումն անխոչընդոտ իրականացնելու նպատակով, նախագծով, որպես ժամանակավոր լուծում, սահմանվել է, որ մինչև Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների մրցույթի իրականացումը և դրա արդյունքում նրանց պաշտոնի նշանակելը, Հատուկ քննչական ծառայության քննիչները ժամանակավորապես կնշանակվեն որպես Հակակռուպցիոն կոմիտեի քննիչներ: Այդ ընթացակարգով 20 անձ կնշանակվի»,- ասաց Բադասյանը:

Մրցութային կարգերի հաստատումից հետո ՀՔԾ քննիչներն այլ անձանց հետ հավասար պայմաններում պետք է մասնակցեն մրցույթի: Մյուս քննիչները պետք է այլ քննչական ծառայություններում քննիչի պաշտոններ զբաղեցնեն: Նախատեսվում է, որ մինչև հոկտեմբերի սկիզբ կձևավորվի Հակակոռուպցիոն կոմիտեն:
ՀՔԾ-ի մասին օրենքն ուժը կորցրած ճանաչելու արդյուքնում անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել մի շարք օրենքներում, դրանից հանել «Հատուկ քննչական ծառայություն» բառերը, տվյալ օրենքների նախագծերը ներառվել են նախագծերի փաթեթում։

Կատարվել են մի շարք այլ փոփոխություններ՝ մասնավորապես, հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների պաշտոնային դրույքաչափերը նվազեցվել են՝ հավասարվելով այլ քննչական մարմինների ծառայողների պաշտոնային դրույքաչափերին։ Միաժամանակ դրույթ է սահմանվել, որ հատուկ մասնագիտացմամբ պայմանավորված և ռիսկային առանձնակի բարդություններով, տարբեր մարմիններում պաշտոններ զբաղեցնող անձինք՝ կառավարության թույլտվությամբ դեպքում բացի դրույքաչափից և հավելավճարներից, կստանան նաև հավելում։

Բադասյանը նշեց նաև, վերանայվել են կոմիտեի ծառայողների պաշտոնների խմբերը և պաշտոններին ներկայացվող պահանջները:

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մրցութային խորհրդի առաջարկած 3 թեկնածուների շրջանակից նշանակելու է կառավարությունը՝ նախկինում սահմանված վարչապետի փոխարեն: Նախագիծը փոփոխություններով ստացավ դրական եզրակացություն, կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել