Pastinfo.am-ը գրում է.

«Ես չեմ կարծում, որ այստեղ հակասություն կա, ուղղակի պարզ անօրինականութուն է։ Դատարանը փորձել է իրեն վերագրել Սահմանադրական նորմի վերաբերյալ գործողություն անելու իրավունք, դա աբսուրդ է»,- այս մասին ԱԺ-ում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Վարչական դատարանի՝ Օնիկ Գասպարյանի պաշտոնավարման վերաբերյալ երեկ կայացրած որոշմանը և այսօր վարչապետի աշխատակազմի հայտարարությանը։

«Գործողությունն արդեն ավարտվել է, չի կարելի իրավունքի ուժով գործողության մեջ մտնող նորմի հետ կապված հայցի ապահովման միջոց կիրառել, դա շենքի շինարարություն չէ, որը կարող ես կասեցնել մինչև դատական ակտի կայացումը: Ես չեմ պատկերացնում, թե դա ինչպես է ի կատար ածվելու, եթե ենթադրենք, որ այդ որոշումը իրավական ուժ ունի: Վարչական դատարանը չի կարող ինչ-որ բան վերականգնել, դատարանը կարող է կասեցնել»,- նշեց Սիմոնյանը և հավելեց, որ իրավահարաբերությունները սահմանադրական նորմեր են, ուստի վարչական դատարանը չի կարող սահամնադրական իրավունքին վերաբերող հարցով հայցի ապահովման միջոց կիրառել։

«Առաջին կուրսի իրավաբանը բարձր ձայնով կծիծաղի այդ դատավորի դեմքին, որն այդ որոշումն է կայացրել։ Երեկ նայեցի այդ դատավորի կենսագրությունը և շատ ավելի լավ է, որ կոնկրետ այդ դատավորը զբաղվի օրինակ բժշկությամբ, ես իրեն խորհուրդ եմ տալիս բրոկերությամբ զբաղվի, որովհետև իր գործունեությունը իրավաբանության հետ կապ չունի»։

Սիմոնյանը նշեց, որ կառավարությունը կարող է դիմել վարչական դատարան այս հարցով, սակայն խնդիրն այն է, թե ինչ գործողություն կարող է անել դատարանը։ Սիմոնյանը նշեց, որ օրենքի ուժով որոշում կա, իր համար և, ըստ օրենքի, ԳՇ պետը ժամանակավոր պաշտոնակատարն է, իսկ Օնիկ Գասպարյանը շարունակում է լինել սպա, զինվորական, ՊՆ կադրերի ենթակայության տակ է։ Ալեն Սիմոնյանը նշեց, որ բողոքարկելու մասին տեղեկություն չունի։

«Այսօր կատակ էին անում, որ որևիցե դատարան Գորիսում ճանաչել է Սերժ սարգսյանի հրաժարականը ոչ իրավաչափ և նա նորից վարչապետ է։ Այ սենց աբսուրդ դատական համակարգի խնդիրներ ունենք և գալիք հնարավոր ընտրություններում դա ամենակարևոր բանն է լինելու, որ դատարանների հարցը պետք է օր առաջ մենք դնենք և առաջին կետերից մեկը պետք է լինի նախընտրական պայքարում»։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչական դատարանը Մհեր Պետրոսյանի նախագահությամբ կասեցրել է ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունը՝ մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։ Ըստ դատարանի որոշման՝ նա պետք է շարունակի պաշտոնավարել։

Դատարանը բավարարել է Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին փաստաբանի միջնորդությունը, այնինչ վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Օնիկ Գասպարյանը պաշտոնից ազատվել է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել