Panorama.am-ը գրում է.

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, բավարարեց գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի և նախկին փոխնախարար Սամվել Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդումը մահվան հիմքով դադարեցնելու մասին միջնորդությունը։

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին դատարանը վերացրեց։

Այս քրեական գործով ընդհանուր առմամբ 5 մեղադրալ կա։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից բացի մեղադրանքներ էին առաջադրվել նաև գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին, նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին, վարչության պետ Գևորգ Հարությունյանին, գործարար Բարսեղ Բեգլարյանին։

Հիշեցնենք, որ Սերգո Կարապետյանը և Սամվել Գալստյանը մահացել են կորոնավիրուսի հետևանքով:

Ըստ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի՝ «նա 2008թ․ ապրիլի 9-ից մինչև 2018թ․ ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013թ․ հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակության կատարում»։

Ըստ Սերգո Կարապետյանին առաջադրված  մեղադրանք՝ «նա 2010թ․ դեկտեմբերի 31-ից մինչև 2016թ․ սեպտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով ՀՀ գյուղատնտեսության նախարար, այսինքն՝ ՀՀ կառավարության անդամ, պաշտոնատար անձ, «ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, 2013թ․ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ,իր տեղակալ Սամվել Գալստյանի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ, օգտագործելով պաշտոնատար այլ անձանց հետ դիտավորությամբ խմբի կազմում կատարել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդում գտնվող առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների՝ ընդհանուր 489,160,310 ՀՀ դրամի վատնում։

Ըստ Սամվել Գալստյանին առաջադրված  մեղադրանքի՝ «նա 2003թ․ ապրիլի 14-ից մինչև հունիսի 9-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013թ․ հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, օժանդակել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումար՝ 489․160․310 ՀՀ դրամի հափշտակություն կատարելուն»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել