Hraparak.am-ը գրում է.

Երեկ համացանցում լուրեր էին տարածվել, որ մարտի 17-ին Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն Էջմիածնում իրականացրել են  «Ամեն Դոն՝ Դոն չի» օպերացիան: 

Օպերիացիայի շրջանակներում բերման էր ենթարկվել գործարար Արթուր Ասատրյանը (Դոն Պիպո)։

«Հրապարակը» կապ հաստատեց Ասատրյանի հետ՝ տեղեկանալու դեպքի մանրամասներից։

Նա ասաց, որ երեկ առավոտյան ժամը 9-ից 12-ն ընկած ժամանակահատվածում «ոստիկանների մեծ խումբ է ներխուժել» Էջմիածնում իր տուն։ Երեք ժամ տևած խուզարկությունից հետո Ասատրյանին բերման են ենթարկել Էջմիածնի ոստիկանության բաժանմունք։ Ուշագրավ է, որ իրավապահները եղել են Երևանից։ 

Բերման ենթարկելու առիթը եղել է մի քանի օր առաջ Էջմիածնում տեղի ունեցած կրակոցները, որի մասին համացանցում նույնպես լուրեր էին տարածվել։ Գործարարի փոխանցմամբ՝ ոստիկաններն իրեն ասել են, որ տեղյակ են, որ ինքը դեպքի վայրում չի եղել, և ուղղակի ցանկացել են իր հետ զրուցել։ Դեպքի վայրում չլինելու փաստը հաստատվել է, քանի որ այնտեղ տեղադրված է եղել տեսախցիկ, ու առկա է տեսաձայնագրություն։

Բերման ենթարկելու 3 ժամը լրանալուց հետո Ասատրյանին բաց են թողել։ Ասատրյանը հավելեց, որ «ՕՄՕՆ-ի խումբը տուն է մտել բոլոր հնարավոր կողմերից, անգամ՝ տանիքից, դարպասներով, պարիսպի վրայով»։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել