Hraparak.am-ը գրում է.

2018-ի ապրիլյան իրադարձություններից հետո նույն և հաջորդ տարում անընդհատ քննարկումներ էին գնում գոյություն ունեցող ոչ արդյունավետ պետական կառավարման համակարգը վերափոխելու ուղիների մասին: Հենց վերափոխելու ուղիների մասին, քանի որ եղածի պահպանման հարց հիմնականում չէր քննարկվում: Բոլորս էլ համոզված էինք, որ գոյություն ունեցողը չի համապատասխանում ժամանակակից պահանջներին, չնայած որոշակիորեն արտացոլում է մեր ժողովրդի մտածողությունը: Որպես դրա ածանցյալ՝ դրվում էր նաև տեսանելի ապագայում ավելի կամ պակաս չափով այդ մտածողությունը վերափոխելու խնդիրը: Քննարկման թեման էր «ինչը և ինչպես» հարցերի շրջանակը: Ինչի աումով հարց չկար՝ համարյա թե ամեն ինչ, ինչպեսի առումով առկա էր լրացուցիչ մեկ այլ հարց՝ երբ: Այսինքն՝ նորի ստեղծումը գործող այս կամ այն համակարգը կազմաքանդելուց հետո, թե դրան զուգահեռ: 

Մեզ թվում էր, թե մենք կարող ենք լուծում տալ նման հարցերի, իսկ հետո դա ներկայացնել հեղափոխական իշխանությանը: Եթե այն ժամանակ գիտակցեինք, որ մենք իշխանության ենք բերել իրենք իրենց ամենագետ համարողներին (իրականում՝ ոչնչություններին), ապա քննարկումը կվերածվեր ընդամենը պարապ վախտի խաղալիքի: Իսկ մենք լուրջ մարդիկ էինք, կրթված ու այս կամ այն տեսությանը կամ հեղինակին ծանոթ, ու, բնականաբար, պարապ բաներով զբաղվելու վրա ժամանակ չէինք ծախսի:

Ինչևէ, կյանքն ապացուցեց հակառակը: Հասկացանք, որ ոչ մեկին և ոչինչ էլ չենք կարող ներկայացնել, քանի որ նույնիսկ ֆեյսբուքյան տարածքում նման փորձերն արժանանում էին զրո ուշադրության: Իսկ ֆեյսբուքն, ինչպես գիտենք, հեղափոխական կոչված իշխանության հաղորդակցման հիմնական հարթակն էր և է՝ միմյանց և հասարակության հետ: Զրո ուշադրության էին արժանանում նույնիսկ այն հարցերը, որոնք օրախնդիր էին գործող իշխանության համար: Իսկ դրանց վաղ թե ուշ որևէ լուծում էր տրվում ու այն էլ հիմնականում ոչ ամենից օպտիմալն ու արդյունավետը: Ի դեպ, նման հարցերը բազմաթիվ էին, քանի որ ո՛չ կառավարության ղեկավարն էր գրագետ ու այնքան խելացի, որպեսզի հասկանար բանիմաց խորհրդականներ ունենալու օգուտը և ո՛չ էլ նրա նշանակած կադրերը՝ հազվագյուտ բացառությամբ:

Ինչևէ, արդեն ավելի քան երկու տարի է, ինչ կառավարությունը զուտ նիկոլական է, և շուտով կլրանա հենց Նիկոլի վարչապետության երրորդ տարին: Եվ ստիպված ենք արձանագրել (Նիկոլի սիրած բառն է, չէ՞), որ այս կառավարությունն իր վարչապետով այնքան ապաշնորհ է, որ չեղած տեղն է պրոբլեմներ ստեղծում՝ ուր մնաց պրոբլեմներ լուծել կարողանար: Չենք խոսում պատերազմում մեր պարտության մասին՝ դա ապաշնորհության ու դավաճանության այնպիսի խառնուրդային թնջուկ է՝ նման Գորդյան հանգույցին, որ պետք է մի երկրորդ Ալեքսանդր Մակեդոնացի, որ սրով կտրելով լուծի այն: Եվ այդ ապաշնորհության ամենաթարմ օրինակը համահայկական «Հայաստան» հիմնադրամից ավելի քան 100 միլիոն դոլարի փոխանցումն է պետական բյուջեին, ինչով խախտվել է հիմնադրամի կանոնադրությունը: Իսկ դա, իր հերթին, բերելու է սփյուռքի մեր հայրենակիցների շրջանում հիմնադրամի նկատմամբ եղած հավատի ու վստահության կորստին: Իսկ հիմնադրամը Նիկոլին հեռացնելուց հետո լինելու է երկիրը վերականգնելու հենց հիմնական լծակը կամ հիմնական լծակներից մեկը:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել