Hraparak.am-ը գրում է.

Ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը վերահսկում է Նիկոլը: Ճանապարհային քարտեզի մասին նա խոսեց դեկտեմբերին, կարեւոր չէ, որ այդ քարտեզի մասին բոլորն են մոռացել, եւ որեւէ մեկը չի հետեւում դրա կետերի իրագործմանը: Կարեւորը սահմանված ժամկետն է, որ լրանում է մայիսի 18-ին: Մեր երկրում որեւէ ուժի, անհատի չի հաջողվում վարչապետին պոկել իր աթոռից եւ թելադրել իր կամքը, որպես ելք ու միջոց` այս իրավիճակից դուրս գալու: Ընդդիմությանը չհաջողվեց հասնել վարչապետի հրաժարականին եւ ստեղծել ժամանակավոր կառավարություն: Նույնը չհաջողվեց մյուս քաղաքական ու հասարակական ուժերին` անհատ ու կազմակերպություն: 
Նիկոլը կարողացավ չեզոքացնել ամենամեծ եւ իրական վտանգ ներկայացնողին` պաշտոնանկ արեց

ԶՈՒ գլխավոր շտաբի պետին եւ շտաբին թելադրեց իր կամքը: Մեր երկրում չկա խորհրդարանական եւ արտախորհրդարանական որեւէ ուժ, որ կարողանա Նիկոլին ստիպել ընկրկել: Հիմա խոսվում է, որ արտահերթ ընտրությունները հնարավոր է լինեն մայիսին կամ նոյեմբերին` Նիկոլի ճանապարհային քարտեզի ժամկետը լրանալուց հետո: Իսկ կլինեն, թե ոչ, կախված է սեփական աթոռից կախվածություն ունեցող Նիկոլից, քանի որ նա է ուղղորդում իրադարձություններն ու զարգացումները երկրում:

Աթոռից, իշխանությունից եւ էլ չգիտեմ թե ինչից կախվածություն ունեցող այս մարդը եթե կազմակերպի ընտրություններ, ուղղորդելու է իր սցենարով. Նիկոլը ծնելու է Նիկոլ: Դրա եւ դրա հետեւանքների մասին է զգուշացնում Տեր-Պետրոսյանը. «Համաձայն եմ նաեւ հանրության մեջ հնչեցվող այն պնդումներին, որ իշխող ուժի կողմից կազմակերպված արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում նրանք չեն խորշելու վարչական ռեսուրսների համատարած օգտագործումից, ինչի հետեւանքով բոլոր ընտրատեղամասերը կարող են վերածվել լարվածության օջախների: Համոզված եմ, որ այդ պարագայում մենք ականատես ենք լինելու Հայաստանի պատմության ամենախայտառակ ընտրություններին: Իսկ դա կարող է նշանակել Հայոց պետականության վերջը կամ երկարատեւ մղձավանջային գոյատեւումը»:

Գերխնդիր է ոչ միայն աթոռից պոկել Նիկոլին, այլեւ հնարավորինս հեռու պահել երկրում կատարվող իրադարձություններից, այնպես, որ իր համառ բնավորության համաձայն` սողանցք չգտնի ներս ընկնելու եւ իր սիրելի քաոսն ստեղծելու: Չգիտեմ, սրա անունն ուժեղ անհատականությո՞ւն է, թե՞ մարտնչող ու երեսթափ համառություն: Այս փակուղուց ելքի իր տարբերակն է առաջարկում Տեր-Պետրոսյանը. «Ուստի թե՛ պետության, թե՛ ժողովրդի, թե՛ նաեւ անձամբ վարչապետի շահերից բխող միակ ելքը, իմ կարծիքով, վերջինիս անհապաղ եւ ինքնակամ հրաժարականն է եւ ԱԺ-ի կողմից անձեռնմխելիության իրավական երաշխիքների ապահովմամբ, նրա, թեկուզ ժամանակավոր, ապաստանումն արտերկրում: Այդ պարագայում վարչապետի պարտականությունները պետք է դրվեն անկուսակցական փոխվարչապետի վրա, որն իր չեզոքության հանգամանքով ունակ է ապահովելու արդար ընտրությունների անցկացումը»: 

Հավանաբար, մենք ամեն ինչի պատրաստ ենք, օդանավով, նավով, անգամ զանգուլակներ կախած ձիակառքով ճանապարհել Նիկոլին: Միայն թե գնա, մեզ ազատի իրենից: Այս խնդիրը դարձել է մղձավանջ, լաբիրինթոս, գորդյան հանգույց: Դիմենք դասականի օգնությանը. 
«Թողություն տուր, Տե՛ր, ծանըր Խավարին, Միայն թե թող Նա թողնի հեռանա»:
Պարույր Սեւակի օգնությամբ այս համեմատության հեղինակը Ալվարդ Պետրոսյանն է` դեռ 2 տարի առաջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել