Pastinfo.am-ը գրում է.

«Փաստինֆո»-ն երկրում ստեղծված իրավիճակի, Հայրենիքի փրկության շարժման, հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ զրուցել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանի հետ։ 

- Պարոն Ղուկասյան ինչպե՞ս եք գնահատում երկրում ստեղծված իրավիճակը:

- Քաոսային։ Իշխանությունները հրաժարական պետք է տան։ Բոլոր խելացի մարդիկ դա են ասում, քանի որ իշխանությունները երկիրը տարել են կործանման, հողերը հանձնել են։

- Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ որպես ժողովրդավար ղեկավար, բայց այսօր մի վայրից մյուսը տեղաշարժվելիս ոստիկանական ուժեր են կուտակվում։

- Ցավոք սրտի այդ ժողովրդավարությունը քանդեց այս երկիրը։ Դեմոկրատիայի քողի տակ երկրներ են քանդվում։ Ազատություն ասելով՝ սրբապղծություն նկատի ունեն, ազատություն ասելով՝ նկատի ունեն, որ ազգ գոյություն չունի, որովհետև իրենց ապրելակերպով քանդում են երկրները։ Դրանք հատուկ ծրագրեր են, որոնք իրականացվում են չարերի կողմից աշխարհի վերջին օրերին։ Մեզ աստվածապաշտ, հայրենասեր մարդ է պետք։

- Կա՞ այդպիսի մեկը, տեսնու՞մ եք նրան քաղաքական դաշտում։

- Ցավում եմ, որ նմանատիպ մարդիկ քարկոծվեցին նախկին և ներկայիս իշխանության օրոք։ Հավանական է՝ իրենք իրար հետ էին։ Մինչ այսօր բոլորը միասին լավ քանդեցին երկիրը։ Որպես իսկական հայրենասեր տեսնում եմ Ռոբերտ Քոչարյանին։ Նա կարող է դուրս հանել երկիրն այս վիճակից։ Ես վստահում եմ նրա ուժերին։ Ինչ տեսել եմ, դա եմ ասում, օբյեկտիվ եմ ասում։

- Հիմա անընդհատ GPS-ով հողեր են անցնում թշնամու վերահսկողության տակ, կարծում եք նա կկարողանա՞ այդ գործընթացը կանգնեցնել։

- Նրանք, ովքեր ասում են, որ GPS-ով նայում են ադրբեջանական հողեր են, նրանք թուրքի գործակալներ են։ GPS-ով հողեր ո՞նց կարող են հանձնել, Այդ ճանապարհները, որ գտնվում էին մեր տրամադրության տակ, դրանք չէինք կարող այդպես հեշտ ու հանգիստ վերցնեինք, բա մինչև այսօր ձեն չէի՞ն հանում։ Հավանական է, որ ասում են հողերը ծախել են, դա էլ մեջն է։ Գետինը մտնեն, փողի համար երկիր են ծախում։ Տեսեք թե դեմոկրատիան ուր է տանում մարդուն։ Պատկերացրեք, թե ինչպիսի մարդիկ են։

- Այսինքն, եթե Ռոբերտ Քոչարյանն իշխանության գա, կկարողանա՞ կանգնեցնել այդ գործընթացը։

- Համոզված եմ, որ ինքն իրոք հայրենասեր, երկիրը սիրող անձնավորություն է, և նա դա ապացուցել է իր աշխատած ժամանակահատվածում։ Բոլոր նախագահների ժամանակ ոչ այդքան աճ է եղել, ոչ ազգն այդպես վերելք է ապրել, ոչ աղետի գոտին է վերակառուցվել, ոչ ստրատեգիական նշանակության կառույցներն են վերակառուցվել։ Իհարկե, սխալներ ունեցել է, աշխատող մարդիկ են սխալներ ունենում, բայց համեմատականը կրկնակի, եռակի անգամ դեպի դրական է տանում։ Այն ժամանակահատվածում արտագաղթը դադարել էր, դեռ մի բան էլ ներգաղթ էր սկսվել։ Ցավոք սրտի արժանի մարդը պետք է քարկոծվի։

- Կարծում եք՝ ներկայիս իշխանություններն ամբողջությամբ իրենց սպառե՞լ են։

- Այս իշխանությունները միանշանակ իրենց սպառել են։ Երեք տարի է աշխատում են, հայրենասեր, հավատք ունեցող մարդկանց քարկոծելուց բացի ոչ մի դրական արդյունք, ոչ մի բան չենք տեսել։ Ո՛չ չափ ունեն, ո՛չ տակտ ունեն, ո՛չ տարիքն են գնահատում, ո՛չ աշխատանքը։ Նախարար նշանակել մի մարդու, որը կյանքում ինստիտուտներն ավարտելուց բացի ինչ-որ բանի չի հասել, չի կարելի։ Մարդը պետք է աշխատած լինի, ճանապարհ ապրած լինի։ Էս ամբողջ երկիրը տվել ենք մի հատ լրագրողի ձեռքը։ Նայում ես այդ մարդու ապրելակերպին, բացի լավ մարդկանց քարկոծելուց ոչ մի լավ բան չի անում։ Եկան ու սկսեցին գեներալներին վարկաբեկել։ Ամբողջ թուրքերն էդ մարդկանց գլխի համար միլիոններ ու միլիարդներ են խոստացել, հիմա դուք թուրքերի գործն ե՞ք կատարում։ Թուրքերին եք գովում, ասում՝ Ալիևը գրագետ մարդ է, դաստիարակված է։ Ես ամաչում էի, որ խոսում էին։ Մարդն ասում էր յոթ տարածքները մերն է, չէր կարողանում ասեր, որ հայկական բնօրրանն է։ Ամեն ինչ նպաստում է, որ սրանց վրա ավլեմ թափեմ փոշին լինի։ Նախկինների անունից եկան դարձան ղեկավար։ Նախկիններն էնքան վատ էին աշխատել, որ մինչև հիմա էլ, որ ժողովուրդը քիչ է հավաքվում, նախկինների երեսից է։

- Երբ 2018-ին հեղափոխություն եղավ, այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանի խոստումներին հավատու՞մ էիք։

- Հավատացինք ու խաբվեցինք բոլորս, որովհետև մաքուր մարդիկ ենք, որովհետև չգիտենք, թե սրանց տակերն ինչեր կան։ Մենք էլ դուրս եկանք, պաշտպանեցինք սրանց, բայց ի՞նչ գիտեինք, որ էս պետք է լիներ։

- Ինչպե՞ս եք տեսնում իշխանություններին հեռացնելու ուղին։

- Բոլոր ճանապարհներով պետք է հեռացնել։ Ամբողջ հողերը հանձնել են, փոխանակ ինքնասպանություն գործեն, մի բան էլ գետինը փորեն մտնեն մեջը, հլը անպատկառ, անամոթ տեսքով դուրս են գալիս ամբողջ ազգին վարկաբեկում, ասում՝ դուք էիք մեղավոր, մենք ճիշտ ենք։ Սրանք ի՞նչ մարդ են։ Եթե գենետիկայով ստուգեն, երևի արյունը հայկական չլինի։ Բոլոր ոլորտների լավ մարդկանց սրանք քարկոծում են։ Սրանք չեն մնա։ Անհնար է, որ մնան։ Միայն փողոցում հավաքվածները չեն, որ ուզում են նրանց հրաժարականը։ Շատերը տեսնում են այդ հանրապետականների դեմքերը, դրա համար չեն գալիս։ Ես դեմ եմ, որ նախկինները նորից հետ վերադառնան։

- Բայց Ռոբերտ Քոչարյանն էլ է նախկին։

- Ռոբերտ Քոչարյանը կառուցել է։ Տվյալներով, փաստերով, եթե ուղղակի չենք ուզում տեսնել լույսը, ուրիշ հարց։ Եթե ուզում ենք ճշմարտությունը տեսնել, ուրեմն ճշմարտությունը չենք կարող չտեսնել։

- Այսինքն, եթե ՀՀԿ-ականներ չլինեին Հայրենիքի փրկության շարժման մեջ, ավելի՞ շատ մարդ կհավաքվի։

- Միանշանակ։ Ես ժողովրդի հետ հանդիպող մարդ եմ։ Որ մի քիչ շրջեք, կտեսնեք՝ ժողովուրդն ինչ է ասում։

- Չե՞ք մասնակցում Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքներին։

- Ես էլ իմ ձևով գիտեմ՝ ինչ պետք է անեմ։ Մի քիչ վատառողջ եմ հիմա։

- Հնարավոր արտահերթ ընտրությունների հետ կապված ի՞նչ դիրքորոշում ունեք։ Հայաստանը պատրա՞ստ է ընտրությունների։

- Ընտրություններից զզված եմ։ Էս քաղաքական դաշտից զզված եմ։ Ես երբ դնեմ իմ թեկնածությունը, անպայման կանցնեմ։ Հիմա պատրաստ չեմ խոսելու, որովհետև այնքան հիասթափված եմ այս քաղաքականությունից։ Ընդհուպ մտածում եմ, որ հեռանամ այս ամեն ինչից։

- Հնարավո՞ր է ընտրություններին չմասնակցեք։

- Կարող է այդպես լինի։ Ինչքան էլ անես, ինչքան էլ չարչարվես, սրանք պետք է հելնեն ասեն՝ գող է։ Փոխանակ աշխատանքային հերոսի կոչում տան, կյանք դնող մարդկանց ասում են գող, ավազակ են։ Մարդ չկա բացի իրանցից։ Էն ժամանակ էլ հայրենասեր մարդկանց քարկոծում էին, գնում այնպիսի մարդկանց էին գտնում, որ ժողովուրդն ատում է, իսկ մեր նմաններին միշտ քարկոծում էին, որովհետև ճիշտն էինք խոսում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել