Սյունիքի մարզի Կապանի դիրքերից մարտի 14-ին տարածված աղմկահարույց տեսագրության առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որը կատարվել է ռազմական դրության պարագայում): Այս մասին այսօր՝ մարտի 17-ին, NEWS.am-ի հարցին ի պատասխան հայտնեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։

«ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի թիվ 126 մարտական դիրքում կատարված եւ սոցիալական ցանցերով հրապարակված տեսագրության առթիվ ՀՀ ՊՆ Կապանի ռազմական ոստիկանության բաժնում նախապատրաստված նյութերի հիման վրա Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի երրորդ մասով՝ հանգամանքները լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությամբ պարզելու, առնչվող բոլոր անձանց, այդ թվում նաեւ պաշտոնատար անձանց գործողություններին դրա շրջանակներում քրեաիրավական գնահատական տալու համար»,- նշեց Խաչատրյանը։

Նա հայտնեց, որ հարուցված քրեական գործն ուղարկել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու հանձնարարությամբ:

Հիշեցնենք, որ համացանցում տարածվել եւ բուռն քննադատությունների առիթ է դարձել մի տեսանյութ, որում Սյունիքի մարզի դիրքերից մեկում զինծառայողը բողոքում էր դիրքի պայմաններից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել