Hraparak.am-ը գրում է.

Մարտի 12-ին՝ ուրբաթ օրը, Նիկոլ Փաշինյանին առընթեր իրավապահ մարմինները հերթական «տուշոնկա-շոուն» են բեմադրել, այս անգամ՝ Չարենցավան քաղաքում։ Ոստիկանության մոտ երկու տասնյակ աշխատակիցներ «մեծ շուքով» ներխուժել են Չարենցավանի քաղաքապետարանի շենք եւ խուզարկություն իրականացրել աշխատակազմի ղեկավար Սուրեն Մուրադյանի աշխատասենյակում։ Մուրադյանին ասել են, թե ինքն արցախցի ընտանիքների համար նախատեսված օգնություններն է յուրացրել, եւ իր սենակում այդ «յուրացրած ուտելիքն» են փնտրում։ Մամուլում երեկ գրվեց, թե Սուրեն Մուրադյանը, «օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, յուրացրել է խոշոր չափերով՝ մոտ 600.000 դրամ արժողությամբ կենցաղային իրեր եւ մթերք՝ նախատեսված Արցախի Հանրապետության քաղաքացիների սոցիալական աջակցության համար»։

Ըստ հրապարակման՝ Մուրադյանի տնից հայտնաբերվել է 2 էլեկտրական ջեռուցիչ՝ «Առաքելություն Հայաստան» գրառումներով, ինչպես նաեւ հայտնաբերվել եւ առգրավվել են նշված օգնության տարբերանշաններով պարկերով սննդամթերք, օգնության մասին գրառումներով արկղերով այլ կենցաղային իրեր եւ տարբեր տեսակի մթերք, շոգեխաշված մսի պահածո, որի վրա առկա է գրառում՝ «վաճառքի ենթակա չէ»: 

Նկատենք, որ Մուրադյանն աչքի է ընկնում իր ընդդիմադիր հայացքներով, հաճախակի մասնակցում է Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքներին, եւ, ամենայն հավանականությամբ, սա հերթական քաղաքական հետապնդումն է այս իշխանությունների կողմից։  Ի դեպ, իշխանությունները Չարենցավանի քաղաքապետարանում միայն Մուրադյանի վրա աչք չունեն, նրանք թիրախավորել են նաեւ քաղաքապետարանի այլ աշխատակիցների, որոնք մասնակցում են ընդդեմ Փաշինյանի միտինգներին։ Ատամ ունեն նաեւ քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի դեմ եւ հարմար առիթի են սպասում, որ նրա նկատմամբ էլ որեւէ գործ հարուցեն։ 

Տասնյակ ոստիկանների խմբին ուղեկցել են Չարենցավանի ոստիկանապետն ու Կոտայքի մարզային վարչության պետի տեղակալը՝ ոմն Բարխոյան, որին մենք առիթ ունեցանք տեսնելու Մուրադյանի բնակարանում խուզարկության պահին։ Վերջինս իրեն շատ ագրեսիվ էր պահում, խոսում էր մուննաթով, հրամայական տոնով, գոռգոռալով։ Սուրեն Մուրադյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ոստիկանները նախ խուզարկել են իր աշխատասենյակը, այնտեղ որեւէ բան չեն հայտնաբերել, կապարակնքել են, հետո Քարաշամբի նրա հայրական առանձնատունն են խուզարկել, որտեղ Սուրեն Մուրադյանն արցախյան պատերազմի օրերին ամիսներ շարունակ տեղահանված ընտանիքների է իր հաշվին պահել։ Այստեղ հայտնաբերել են երկու հատ էլեկտրական ջեռուցիչ՝ «պլիտա», որոնք Մուրադյանը վերցրել էր քաղաքապետարանից՝ որպես Արցախից տեղահանված ընտանիքներին հատկացվող օգնություն, որպեսզի դրանցով ջեռուցի տունը, որտեղ բնակվել են արցախցիները, ապա նորից վերադարձնի քաղաքապետարանին։ Այլ բան չեն հայտնաբերել։ Հետո իր բնակարանն են խուզարկել, որտեղ, ինչպես նշեցինք, շատ ագրեսիվ պահվածք են ցուցաբերել ընտանիքի անդամների նկատմամբ, առգրավել են ինչ հնարավոր է՝ տան ոսպն ու բրինձը, մի քանի շիշ ձեթը, նորածին երեխայի շորերը, խանութից ակցիայով գնած տասը տուփ ատամի մածուկը ու մեկ հատ «տուշոնկա», որն արցախցիների համար նախատեսված եւ վաճառքի ոչ ենթակա ապրանքներից միակն է եղել։ Մնացածն իրենց տան համար ձեռք բերված սննդամթերքն է եղել։ Մեզ ասացին՝ անգամ մանկահասակ երեխայի խաղալիք ատրճանակն են վերցրել ուսումնասիրել, դրա մեջ էլ են «յուրացում» փնտրել։ Կարճ ասած՝ ամբողջ տունը տակնուվրա են արել եւ այնպիսի ագրեսիվ պահվածքով, որ երեխաները վախեցել են։

Ի դեպ, խոսակցություն կա, որ Մուրադյանին՝ որպես «դարի թալանչի հանցագործի», մատնել են քաղաքապետարանի որոշ աշխատակիցներ, որոնք հայտնի են իրենց նիկոլական հայացքներով։ 
Իրենց տնից առգրավված եւ վերը նշված ապրանքների վերաբերյալ Մուրադյանը մեզ ասաց հետեւյալը․ «Ես չեմ հասկանում, թե օգնության տարբերանշաններով պարկերով սննդամթերքը եւ օգնության մասին գրառումներով արկղերը՝ ինչի մասին է խոսքը։ Նման արկղեր, նման տարբերանշաններով պարկեր մեր տնից չեն առգրավել։ Տարել են սովորական պոլիէթիլենային տոպրակներով սնունդ, որը գնվել է խանութից եւ մեր տան սննդամթերքն է եղել, որը մտածել են, թե էդ օգնության սննդամթերքից է։ Նորածին երեխայիս հագուստն էլ են տարել, որ ծնվելուց հետո բարեկամներն են նվիրել, ու որոշները դեռ չբացված վիճակում էին։ Պատկերացրեք, անգամ մեր տան տոնածառի խաղալիքներն են տարել, թե «ձեր տանն էսքան տոնածառի խաղալիք ի՞նչ գործ ունի»։ Նաեւ «Pepsodent» ֆիրմայի ատամի մածուկ են առգրավել՝ շուրջ տասը տուփ, մտածել են՝ էդքան մեծ քանակ եթե կա, ուրեմն մի տեղից գողացված կամ յուրացված է, բայց ես պարզաբանեցի, որ մենք նախ օգնության համար «Pepsodent» ընդհանրապես չենք ստացել, նույնիսկ ասացի, թե որտեղից եմ դրանք ես ձեռք բերել մեր տան համար՝ ակցիայով, կտրոնն էլ էի պահել։ Բայց դրանք էլ են առգրավել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել