«Այսօր տեղի կունենա Երևանի ավագանու նիստ, որի ժամանակ քննարկվելու է նաև 2020 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, որը ցույց է տալիս, թե նախատեսված գումարի որ մասն է հավաքագրվել, և հավաքվածի որ մասն է ծախսվել։

«Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ 2020թ. նախատեսված ծախսերի 36.5%-ը Երևանի քաղաքապետարանը չի կատարել. կատարողականը կազմել է 63.5%: Նշենք, որ սրանից վատ ցուցանիշ Երևանի որևէ քաղաքային իշխանություն երբևէ չի արձանագրել:

Իհարկե, որպես պատճառ՝ մատնանշվում են կորոնավիրուսն ու արցախյան պատերազմը. այդ պատճառներից ձախողման էությունը չի փոխվում:

Մեկնաբանության մեջ նշվում է. «Նախատեսված և փաստացի ծախսված գումարների տարբերությունները հիմնականում պայմանավորված են գնումների գործընթացում առաջացած խնայողություններով, պատվիրակված լիազորությունների մասամբ չկատարմամբ, ինչպես նաև COVID-19 համավարակի հետ արտակարգ և ռազմական դրության հետ պայմանավորված որոշ ծրագրերի չկատարմամբ»:

Իսկ, ահա, 2020 թվականի բյուջեի ընդամենը փաստացի եկամուտները կազմել են 73,364,346.2 հազար դրամ՝ ծրագրված (ճշտված) 84,941,605.9 հազար դրամի նկատմամբ, կամ կատարողականը կազմել է 86.4%:

Իսկ անդրադառնալով Երևանի վարչական շրջանների բյուջեի կատարողականին՝ նկատենք, որ ամենացածր արդյունավետությունն Արաբկիր վարչական շրջանինն է՝ 73.6 տոկոս, իսկ լավ ցուցանիշներ ունեն երկու վարչական շրջան՝ Շենգավիթն ու Աջափնյակը՝ 81.7 տոկոս»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել