«Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված հիմնական հարցադրումն այն է՝ կկեղծի՞ արդյոք Նիկոլ Փաշինյանն այդ ընտրությունները, թե՞ ոչ։ Արմատական ընդդիմությունը հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանը կկեղծի դրանք, այդ պատճառով անընդունելի է ընտրությունների անցկացումը նրա իշխանության պայմաններում, իշխանության կողմնակիցները հակադարձում են, որ Նիկոլ Փաշինյանը չի կեղծի ընտրությունները, քանի որ մեկ անգամ արդեն՝ 2018 թվականին, անցկացրել է առանց կեղծիքի ընտրություններ։

Սա Նիկոլ Փաշինյանի կողմից ընտրությունները չկեղծելու միակ փաստարկն է, որը, սակայն, թույլ է ու հեղհեղուկ է այնքան, որքան նրա վարկանիշն ու հեղինակությունը։ 2018–ին արդեն իշխանություն ունեցող Նիկոլ Փաշինյանը չի կեղծել ընտրությունները ոչ թե այն պատճառով, որ խիստ սկզբունքային է կամ ժողովրդավար, այլ որովհետև դրա կարիքը չկար՝ պայմանավորված հեղափոխական էյֆորիայով։

Հետևաբար, այսօրվա իրականությունում հղում կատարել 2018 թվականին, մեղմ ասած, անմեղսունակություն է։ Իսկ հարցի պատասխանը՝ կկեղծի՞ Նիկոլ Փաշինյանն ընտրությունները, թե՞ ոչ, պետք է փնտրել նրա իշխանության շուրջ երեք տարիների մեջ՝ հասկանալու համար՝ արդյո՞ք կեղծիքը՝ որպես գործիք, միջոց, ընդունելի է կամ մերժելի է փաշինյանական իշխանությանը։

Ահա անցած երեք տարիները ցույց են տալիս, որ կեղծիքը Նիկոլ Փաշինյանի համար ոչ միայն ընդունելի է եղել ու է, այլ այն նրա իշխանության ամենաառաջնային միջոցներից մեկն է։

Նիկոլ Փաշինյանը կեղծել է ամենայնը, ինչ կարողացել է՝ սկսած մարդկանց մանիպուլացնելուց՝ մինչև հորինված պատմություններ, կերտված հերոսներ ու հակահերոսներ։ Իսկ 44-օրյա պատերազմը դարձել է Նիկոլ Փաշինյանի իշխանության կեղծիքի գագաթնակետը։

Հետևաբար՝ ի՞նչը պետք է ստիպի մարդուն, ով շուրջ երեք տարի կեղծել է գրեթե ամեն ինչ, չկեղծել արտահերթ խորհրդարանական ընտրությունները, հատկապես այն դեպքում, երբ դրանք նրա համար ունեն կենաց-մահու նշանակություն, և այնպես չէ, որ ընտրություններում պարտվելու դեպքում Նիկոլ Փաշինյանը կարող է վերադառնալ լրագրության ասպարեզ, կամ հայրենիք՝ տանձի օղի քաշելու։

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն ունի մի կողմից՝ ընտրությունները կեղծելու հզոր մոտիվացիա, մյուս կողմից՝ չունի քաղաքական ու բարոյական որևէ արգելք՝ այս կամ այն քայլին չդիմելու համար։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե Նիկոլ Փաշինյանը չի դիմի ընտրություն կեղծելու ապօրինությանը, քանի որ իր կյանքի մեծ մասը պայքարել է դրա դեմ։ Բայց դա խիստ թյուր տպավորություն է։ Կյանքը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանը նախկինում պայքարել է այս կամ այն անօրինականության դեմ՝ ոչ թե այն պատճառով, որ այդպես մտածել է, կամ, որ այդպես ավելի ազնիվ է, այլ, որովհետև ցանկացել է, որ ինքը լինի ապօրինություն գործողի դերում։

Վկան՝ նրա իշխանության թույլ տված տասնյակ կոռուպցիոն գործարքները, միլիոնավոր դոլարների պարգևավճարներն ու բազմաթիվ այլ անօրինականություններ, որոնց դեմ ժամանակին այդքան ինքնամոռաց պայքարել է Նիկոլ Փաշինյանը։

Այնպես որ, նա առաջիկա ընտրությունները կեղծելու է անհագուրդ ու անողոքաբար, կեղծելու է բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով, որովհետև նա տեսել ու զգացել է, թե ինչ բարերար ազդեցություն է ունենում կեղծիքն անձամբ իր ու իր ընտանիքի համար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել