Panorama.am-ը գրում է.

«Կառավարությունը իրականում չի կարող տալ 107 մլն դոլարի հաշվետվությունը, որովհետև դրանից եղել են աշխատավարձերի պարգևավճարների վճարումներ և կանխիկացումներ, հետևաբար՝ «Հայաստան»  հիմնադրամը փրկելու համար այդ ամբողջ գումարը հետ պետք է պահանջի»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտնեց «Հայաստան»  համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը:

Նա տեղեկացրեց, որ այսօր ժամը 18:00-ին տեղի է ունենալու հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ, որի ժամանակ քննարկվելու է անցած տարվա իրականացրած աշխատանքների արդյունքները, հաստատելու են այս տարվա բյուջեն և քննարկման հատուկ առարկա է դառնալու հիմնադրամից կառավարությանը փոխանցած այդ 107 մլն դոլարը:

Վարդանյանի տեղեկացմամբ, հիմնադրամը միշտ անցել է միջազգային աուդիտ, որոնց ժամանակ որևէ խնդիր չի առաջացել, իսկ այս տարի աուդիտ անցկացնող կազմակերպությունը չի հաստատել Ֆինանսների նախարարության կողմից Հիմնադրամին ներկայացված 107 մլն դոլարի հաշվետվությունը:

«Ըստ իս, այդ գումարները վատնվել են սխալ ուղղություններով և զավեշտալին այն է, որ վերջին մեկ ամսին համացանցում և Տելեգրամի ալիքներում տեղեկություն էր տարածվել, թե հիմնադրամի կողմից կառավարությանը փոխանցած շուրջ 107 մլն դոլարից, շուրջ 8-9 մլն դոլարն ուղղակի կանխիկացվել է պետական գանձարանից և ծախսվել է ինչ որ X ապրանք գնելու համր, արդյունքում՝ ո՛չ ապրանքը կա, ո՛չ գումարը»,- հայտարարեց Արա Վարդանյանը:

Բանախոսը հայտնեց, որ այդ մասին ինքը բարձրաձայնել է նախորդ օրվա իր հայտարարության մեջ և զավեշտ համարեց, որ ո՛չ ԱԱԾ-ն, ո՛չ դատախազությունը գործ չեն հարուցում հրապարակած թվերի վերաբերյալ:

Հիմնադրամի նախկին տնօրենի խոսքով, եղած հրապարակումներում գումարը մսխողների ցանկում հիշատակվում է ֆինանսների նախարարի, պատգամավոր Հայկ Սարգսյանի, կառավարության նախկին աշխատակազմի ղեկավարի անունները:

«Պարզ է, որ տեղի է ունեցել ինչ-որ բան, որը մեր իրավապահ մարմինները, ցավոք սրտի, չեն ուզում բացահայտել»,- հայտնեց բանախոսը:

Արա Վարդանյանը համոզմունք հայտնեց, որ այսօրվա  նիստում հոգաբարձուների խորհուրդը պետք է պահանջի, որ այդ 107 մլն դոլարը վերադարձեն հիմնադրամին, հակառակ դեպքում այն կարող է լուծարվել:

Բանախոսի տեղեկացմամբ, Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ փորձ է արել հիմնադրամը փակել, որից մեկը՝ 2018 թվականին իր դեմ հարուցված շինծու գործի միջոցով:

Նրա խոսքով, Փաշինյանը ցանկանում էր «Հայաստան» հիմնադրամը փակել, որպեսզի իր կնոջ կողմից բացված «Իմ քայլը» հիմնադրամի հաշիվներին գնային այդ գումարները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել