Armeniasputnik.am-ը գրում է.

ՀՀ պաշտպանության փոխնախարարի խոսքով` դիտարկելով մեր վերջին 30 տարիների պատմությունը` պետք է ամեն վայրկյան էլ պատրաստ լինենք նոր պատերազմի։

Այս պահին որևէ մեկը հստակ չի կարող ասել, որ նոր պատերազմ է լինելու։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը` պատասխանելով հարցին, թե կարո՞ղ է հստակ ասել, թե առաջիկայում նոր պատերազմ չի սկսվելու։

«Իմ կարծիքով` եթե նման խնդիր լինի, բնականաբար, պետությունն ամեն քայլ կձեռնարկի։ Սակայն դիտարկելով մեր վերջին 30-ամյա պատմությունը` պետք է ամեն վայրկյան էլ պատրաստ լինել նոր պատերազմի։ Իսկ այս պահին նման միտք բարձրացնելու անհրաժեշտություն կամ տագնապ հաղորդելու կարիք չկա»,–ասաց Սարգսյանը։

Անդրադառնալով Հայաստանում վաղվանից սկսվող զորավարժություններին` պաշտպանության փոխնախարարը նշեց, որ յուրաքանչյուր զորավարժություն առհասարակ ունի իր հստակ նպատակը` անվտանգության, պաշտպանվածության, ունեցած ռեսուրսների ընդհանուր օգտագործման հստակեցում։ Նրա խոսքով` զորավարժություններ սկսելու առնչությամբ խուճապային տրամադրություններ ստեղծելու քայլերը ոչ մի կերպ չեն նպաստում բանակի պատրաստվածության բարձրացմանը։

Հիշեցնենք, որ Հայաստանում և Ադրբեջանում զորավարժություններ կընթանան։ Ադրբեջանում վարժանքներն այսօրվանից են սկսվել և կտևեն մինչև մարտի 18-ը։ Հայաստանում կմեկնարկեն վաղը` մարտի 16-ին և կընթանան մինչև մարտի 20-ը. զորավարժություններին շուրջ 7500 զինծառայող կմասնակցի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել