Pastinfo.am-ը գրում է.

«Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով նախնական կալանքի տակ գտնվող Արամ Լևոնի Սարգսյանն ազատ կարձակվի։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, բավարարեց Սարգսյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանի բողոքը՝ արձանագրելով, որ Սարգսյանի ձերբակալությունը և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը եղել է ոչ իրավաչափ։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ պաշտպան Բենիկ Գալստյանից։

Պաշտպանն այժմ գնում է քրեակատարողական հիմնարկ՝ դատարանի որոշումը փոխանցելու համար։

Հիշեցնենք, որ փետրվարի 21-ի գիշերը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահագն Մելիքյանի նախագահությամբ, բավարարել է Արամ Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Դատարանը միևնույն ժամանակ մերժել է Սարգսյանին ձերբակալելու որոշման դեմ պաշտպանի բողոքը։

Նշենք, որ շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Արամ Սարգսյանի կալանավորման որոշման վրա հնարավոր ազդեցություն է ունեցել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը։ Մասնավորապես, Վահագն Վարագյանը հունվարի 20-ի լույս 21-ի գիշեր սրճարանում լսել էր, թե ինչպես է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը հեռախոսով հրահանգավորում կալանավորել երեք անչափահաս երեխա ունեցող ոմն մեկին, ով ըստ Ա. Մկրտչյանի ԱԱԾ տնօրենին է հայհոյել: Քիչ ավելի հայտնի դարձավ, որ ֆեյքի գործով Արամ Սարգսյանին, որն ունի երեք անչափահաս երեխա, դատարանը կալանավորելու որոշում է կայացրել: Փորձագիտական համայնքում կասկածներ կան, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ապօրինի ներգործության հետեւանքով է Արամ Սարգսյանը կալանավորվել:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԱԱԾ ծառայողները փետրվարի 19-ին խուզարկություն են իրականացրել վերլուծաբան Կարեն Բեքարյանի, ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի, սահմանադրագետ Գոհար Մելոյանի. քաղաքացի Մհեր Ավագյանի և Արամ Լ. Սարգսյանի աշխատասենյակներում, բնակարաններում, առգրավել հեռախոսներ և համակարգիչներ, ապա նրանց բերման ենթարկել: Անժելա Էլիբեգովան և Գոհար Մելոյանն ազատ են արձակվել՝ հրաժարվելով ցուցմունք տալուց, իսկ Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, Մհեր Ավագյանը, Արամ Լ. Սարգսյանը ձերբակալվել են։ Նրանց ձերբակալման իրավաչափության հարցը վիճարկել են դատական կարգով, սակայն մինչ դատարանում կքննարկվեր ձերբակալման որոշման դեմ բողոքները, վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել նրանց։ Կարեն Բեքարյանը և Մհեր Ավագյանն ազատ են արձակվել առաջին ատյանի դատարանի որոշմամբ, իսկ Արա Սաղաթելյանը՝ վերաքննիչ դատարանի։ Նշված գործիչների պարագայում դատարաններն արձանագրել են հիմնավոր կասկածի բացակայությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել