168.am-ը գրում է․

Ընդունված է ասել, որ անշարժ գույքի շուկան տնտեսության հայելին է։ Երբ տնտեսության մեջ գործերը լավ չեն, դրան ամենաարագ արձագանքող ոլորտներից մեկն անշարժ գույքի շուկան է։

Հիմա տեսնենք, թե ինչ է կատարվում անշարժ գույքի շուկայում. անշարժ գույքի շուկան վերադարձել է այնտեղ, որտեղից իր վարչապետությունը սկսել էր Նիկոլ Փաշինյանը։ Նույնիսկ ավելի ներքև է իջել։

Ասել, որ շուկան պասիվացել է, նշանակում է՝ ոչինչ չասել։ Գործարքները ոչ միայն կրճատվել են, այլև այնքան են կրճատվել, որ արդեն զիջում են անգամ 2018թ. մակարդակը։

2018թ. հունվարին, երբ Հայաստանում դեռ չէր եղել իշխանափոխություն, ու նույնիսկ ծիծաղելի էր մտածել, որ Նիկոլ Փաշինյանը կարող է մի քանի ամիս հետո դառնալ վարչապետ, անշարժ գույքի շուկան ավելի ակտիվ էր, քան 2021թ. հունվարին։ 2018թ. հունվարին անշարժ գույքի շուկայում կատարվել էր ավելի քան 9,1 հազար գործարք, այս տարվա հունվարին կատարվել է 8,4 հազար գործարք։

Գործարքները 3 տարի առաջվա համեմատ կրճատվել են գրեթե 8 տոկոսով։

Սա է անշարժ գույքի շուկայի արձագանքն այն տնտեսական իրավիճակին, որի մեջ Նիկոլ Փաշինյանի իշխանության 3 տարիների ընթացքում հայտնվել է մեր տնտեսությունը։

Որ տնտեսական իրավիճակը մեր երկրում անմխիթար է, բոլորն էլ տեսնում են։ Բայց ավելի վատ է, երբ չեն տեսնում այդ իրավիճակից դուրս գալու ելքերը։

Դա նշանակում է, որ այն, ինչ ունենք անշարժ գույքի շուկայում, ամենևին էլ վերջը չէ։ Այս իրավիճակն առաջիկայում դեռ շարունակելու է պահպանվել ու խորանալ։

Գանք այն 2 հիմնական պարամետրերին, որոնք առավել ակնառու են դարձնում անշարժ գույքի շուկայի արձագանքը երկրում առկա տնտեսական իրավիճակին։ Խոսքն օտարման և առք ու վաճառքի գործարքների մասին է։

Թե՛ մեկ, և թե՛ մյուս դեպքում ունենք խորը անկում։ Բայց ոչ նախորդ տարվա համեմատ։ Նախորդ տարվա հետ համեմատություններ նույնիսկ անիմաստ է անցկացնել։ Նախորդ տարվա համեմատ ունենք ընդհուպ 40-50 տոկոսանոց անկումներ։

Համեմատություններն անում ենք 2018թ. նկատմամբ, որպեսզի ավելի լավ պատկերացնենք, թե ինչ իրավիճակի է բախվել անշարժ գույքի շուկան։

Այսպես՝ այս տարվա սկզբին անշարժ գույքի շուկայում ավելի քիչ օտարման գործարքներ են արվել, քան 3 տարի առաջ։ 2018թ. հունվարին կատարվել է շուրջ 3800 օտարման գործարք, այս տարվա հունվարին կատարվել է 3000 գործարք։ Գործարքները կրճատվել են ավելի քան 20 տոկոսով։

Նույնն առք ու վաճառքի պարագայում է։ 2018թ. հունվարին կատարվել էր առք ու վաճառքի շուրջ 2700 գործարք։ Այս տարվա հունվարին կատարված առք ու վաճառքի գործարքների թիվը 2300 է։ 2018թ. համեմատ գործարքները նվազել են ավելի քան 16 տոկոսով։

2018թ. համեմատ նույնիսկ բնակարանների վաճառքն է կրճատվել, այն էլ՝ ավելի քան 10 տոկոսով։

Այս ցուցանիշները ցույց են տալիս, որ անշարժ գույքի շուկան առնվազն 3 տարով հետ է գնացել։ Երեք տարվա արդյունքներով՝ ունենք զրո ձեռքբերում։

Շուկան դեպրեսիայի մեջ է, որն արտահայտվում է՝ ինչպես գործարքների կրճատման, այնպես էլ՝ գների նվազման տեսքով։ Գների նվազումն ավելին է, քան կարելի է տեսնել այն տվյալներով, որոնք ներկայացնում է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն։

Տարեկան կտրվածքով՝ այս տարվա սկզբին նախորդ տարվա սկզբի համեմատ Երևանի բնակարանային շուկայում արձանագրվել է 4,9 տոկոս գնանկում։ Մարզերում գնանկումը կազմել է 3,5 տոկոս։

Պաշտոնական տվյալներով՝ բնակարաններն էժանացել են մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում։ Միակ բացառությունը եղել է Նոր Նորքը, որտեղ գները համարժեք են եղել նախորդ տարվա հետ։

Ամենամեծ հարվածը կրել է Դավիթաշենի բնակարանային շուկան։ Մեկ տարվա ընթացքում գները նվազել են 8,5 տոկոսով։

Անցած տարվա հունվարին Դավիթաշենում 1 քառակուսու միջին գինը եղել է 334.000 դրամ, այս տարվա հունվարին դարձել է 315.000։

Սա՝ դրամով։ Դոլարով արտահայտած գնանկումը շատ ավելի մեծ է։ Հիշեցնենք, որ բնակարանային գործարքները հիմնականում իրականացվում են տարադրամով, գրանցվում են դրամով։ Եթե այս թվերը վերածենք դոլարի, ապա կստացվի, որ անցած տարվա հունվարին Դավիթաշենում բնակարանի 1 քառակուսու միջին գինը եղել է 696 դոլար, այս տարվա հունվարին՝ 605 դոլար։ Գնի նվազումը տարադրամով հասնում է 13 տոկոսի։

Տարադրամով արտահայտված գինն ավելի ցածր է նաև 2019թ. հունվարի համեմատ։ Այն ժամանակ Դավիթաշենում բնակարանի միջին գինը 625 դոլար էր՝ այս տարվա 605 դոլարի դիմաց։

Ամենամեծ հարվածը ստացած մյուս հատվածը Կենտրոնի բնակարանային շուկան է։ Միջին հաշվով 1 տարվա ընթացքում Կենտրոնում բնակարաններն էժանացել են 7,7 տոկոսով։ 2020թ. հունվարին 1 քառակուսու միջին գինը եղել է 659.000 դրամ, այս տարվա հունվարին՝ 608.500։

Ունենք ավելի քան 50.000 դրամի անկում՝ յուրաքանչյուր մետրի հաշվով։

Եթե հաշվարկը կատարենք դոլարով, կստանանք հետևյալ պատկերը. 2020թ. հունվարին 1 քառակուսու միջին գինը՝ 1373 դոլար, 2021թ.՝ 1170 դոլար։ Տարբերությունն անցնում է 200 դոլարից։ Դա էլ, թերևս, այն իրական փոփոխությունն է, որը վերջին 1 տարում կրել է Կենտրոնի բնակարանային շուկան։

Ի դեպ, Կենտրոնում ևս բնակարանների գները դոլարով արտահայտված ավելի ցածր են, քան 2 տարի առաջ էին։ 2019թ. միջին գինը Երևանի այս հատվածում տատանվում էր 1190-1191 դոլարի սահմաններում։ Հիմա՝ 1170 դոլար է։

Երևանի մյուս վարչական շրջաններում բնակարանների գների փոփոխություններն այսպիսին են. պաշտոնական տվյալներով՝ այս տարվա հունվարին Արաբկիրում միջին գինը նախորդ տարվա նույն ժամանակահատվածից ցածր է՝ 4,4, Քանաքեռ-Զեյթունում՝ 5,8, Էրեբունիում՝ 3,8, Շենգավիթում՝ 1,7, Աջափնյակում՝ 4,4, Մալաթիա-Սեբաստիայում՝ 4,3, Ավանում՝ 3 տոկոսով։ Նուբարաշենում  բնակարաններն էժանացել են 7,2 տոկոսով։

Բերված փոփոխությունները գնահատված են դրամային գների նկատմամբ։ Գների նվազումն իրականում շատ ավելին է՝ հաշվի առնելով տարադրամի գործոնը։ Առանձին դեպքերում բնարականների գները վերադարձել են 2019թ. մակարդակին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել