Hraparak.am-ը գրում է.

Արամ Սարգսյանի կալանքի հարցով վերաքննիչ դատարան դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ հեռացել է խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակի մարտի 15֊ին։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Բենիկ  Գալստյանը։

Նա նշեց, որ ակնկալում է` կալանքը ճանաչվի ապօրինի, անձը պետք է ազատ արձակվի. «Դատարանի պահվածքը նորմալ էր, լսեց իմ դիրքորոշումը, ավելի շատ IP հարցն էինք քննարկում»։

Նա նաեւ նշեց, որ իր պաշտպանյալը շարունակում է ցուցմունք չտալ. «Ցուցմունք չի տալու այնքան ժամանակ, քանի դեռ այս գործը գտնվում է ԱԱԾ վարույթում։ Մենք կարծում ենք, որ այդ կառույցը չպետք է զբաղվի այդ գործով»։

Հիշեցնենք, որ Արամ Սարգսյանը կալանավորվել է «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքը լինելու համար։ Այդ ֆեյքը տևական ժամանակ հայհոյում էր ԱԱԾ տնօրենին, մանրամասներ ներկայացնում այլ պաշտոնյաների կյանքի ու գործունեության վերաբերյալ։

Քրգործերը հարուցվել են Քրեական օրենսգրքի 226.-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4 - րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով:

Գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն Արամ Սարգսյանը, Արա Սաղաթելյանը, Մհեր Ավագյանը և Կարեն Բեքարյանը։ Այժմ կալանքի տակ է միայն Արամ Սարգսյանը, նա երեք անչափահասի հայր է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել