Armeniasputnik.am-ը գրում է.

Հայրենիքի փրկության շարժման համակիրները որոշել են փակել Փաշինյանի ճանապարհը։ Ակցիայի տարածքում մեծ թվով ոստիկաններ են կուտակված, նախարարության շենքի ու հարակից մի քանի շենքերի գլխին նաև դիպուկահարներ են տեղակայվել։

Հայրենիքի փրկության շարժման համակիրներն այսօր հավաքվել են ՀՀ կառավարության 2-րդ մասնաշենքի դիմաց՝ խոչընդոտելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը ԱԳՆ շենք։

Բանն այն է, որ Փաշինյանը մարտի 2-ին` Դիվանագետի օրը, խախտելով ՀՀ գործադիր իշխանությունում ձևավորված ավանդույթը, ԱԳՆ չէր այցելել։ Փոխարենը նա որոշել է ԱԳՆ աշխատակիցների հետ հանդիպել այսօր։ Ընդդիմությունն էլ նախապես էր հայտարարել, որ փորձելու է փակել վարչապետի ճանապարհը։

ՀՀԿ երիտասարդական թևի ղեկավար Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ, ինչպես որոշել են, հետապնդելու են Փաշինյանին այնքան, քանի դեռ նա հրաժարական չի ներկայացրել։

«Մենք խոստացել ենք, որ գերագույն գլխավոր դավաճանը օր ու արև չի ունենալու Հայաստանում։ Այդ մարդը որպես քաղաքական գործիչ, որպես հայ մահացել է։ Ինչ ենք անելու, թող սյուրպրիզ մնա, բայց դավաճանը և իր խունտան օր ու արև չեն ունենալու»,–ասաց Մամիջանյանը` չցանկանալով բացահայտել նախատեսվող ակցիայի մանրամասները։

Նշենք նաև, որ կառավարության մասնաշենքի շրջակայքում այս պահին մեծ քանակությամբ ոստիկանական ուժեր են կուտակված, նախարարության շենքի ու հարակից մի քանի շենքերի գլխին դիպուկահարներ են տեղակայվել։

Сотрудники правоохранительных органов на крыше здания МИД Армении (13 марта 2021). Еревaн

Հավաքված քաղաքացիները, դիպուկահարներին նկատելով, ողջունեցին նրանց, նրանցից մեկն անգամ կատակեց` բղավելով. «Աշո՛տ, չկրակես, տատդ հետներս ա»։

Հիշեցնենք, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները սկսվել են նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։ Ներքաղաքական իրավիճակն ավելի սրվեց ԶՈւ գլխավոր շտաբի շուրջ ծավալված իրադարձություններից հետո։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել