Hraparak.am-ը գրում է.

Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը նախօրեին հայտարարել էր, որ բրիտանական «HALO Trust» ընկերությունը, որն Արցախում զբաղվում էր բարեգործական աշխատանքով, թուրքական հատուկ ծառայություններին է փոխանցել Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզը, ինչն էլ հնարավորություն է տվել 44-օրյա պատերազմի ընթացքում բարեհաջող հաղթահարել Արցախի ՊԲ-ի պաշտպանական ականապատված տարածքները։ Արդյոք հարուցվա՞ծ է քրեական գործ, կա՞ն վկաներ եւ կամ կասկածյալներ։ Այս մասին հարց ուղղեցինք Ազգային անվտանգության լրատվական ծառայությանը, որտեղից հայտնեցին․ «Արցախի Հանրապետության դատախազությունը հայտնել է, որ փոխանցում է Արցախի Հանրապետության ԱԱԾ։ Իրենք առանձին մարմին են, դիմեք իրենց։ Այս հարցն ամբողջովին գտնվում է Արցախի ԱԱԾ-ի լիազորությունների տիրույթում»։

Նշենք, որ 2014-ին՝ նույն Արայիկ Հարությունյանի որոշմամբ, այն ժամանակ՝  վարչապետի, «Հելո թրաստ» ծրագրի նախկին ղեկավար Նիկ Սմարտը պարգեւատրվել է ԼՂՀ վարչապետի հուշամեդալով` Արցախում իր առաքելության ավարտի կապակցությամբ: Իսկ նոր ղեկավար Մայքլ Նյուտոնը բոլոր այս տարիների ընթացքում մշտապես հանդիպումներ է ունեցել Արցախի պաշտոնյաների հետ՝ արտաքին գործերի նախկին նախարար Մասիս Մայիլյանի, Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանի հետ, ընդուպ մինչեւ պատերազմը։ Սա, իհարկե, տարօրինակ չէ, հաշվի առնելով, որ այս կազմակերպությունը միլիոնավոր դոլարների հումանիտար եւ այլ կարգի օգնություն է իրականացրել Արցախին։ 2017-ին, օրինակ, հայտարարվել էր, որ Միացյալ Նահանգների արտաքին հատկացումներից լրացուցիչ 1,5 միլիոն դոլար կտրվի՝ Արցախում «Հելո թրաստ»-ի միջոցով ականազերծման աշխատանքներ կատարելու համար։ 2014-ին նույն նպատակների համար կազմակերպության կողմից տրամադրվել էր 5 միլիոն դոլար։

Դեռ հեռավոր 2007 թվականին այս կազմակերպությունը նշված էր Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի նախագահին ուղղված  կազմակերպությունների շարքում, որոնք բարեգործական ծրագրերի շրջանակներում 40 երկրից հանրապետություն էին  ներմուծել շուրջ 24.48 մլրդ դրամ մաքսային արժեքով բեռներ։
«Հելո թրաստ» կազմակերպության երեկ տարածած հաղորդագրությունում ասված էր․ ««Հելո թրաստը»-ը տեղյակ է այն պնդման մասին, որ այն 2020թ. ղարաբաղյան պատերազմի ընթացքում կամ դրանից առաջ թուրքական ուժերին ականադաշտերի քարտեզներ է փոխանցել։ Ավելի քան 20 տարիների ընթացքում «Հելո թրաստն» աշխատել է Ղարաբաղում՝ տեղական բնակչության կյանքն անվտանգ դարձնելու համար։ «Հելո թրաստը» կարողանում է աշխատել հակամարտության գոտիներում ամբողջ աշխարհում միայն այն պատճառով, որ այն ոչ քաղաքական եւ չեզոք կազմակերպություն է։ Այս պնդումը բացարձակապես սուտ է»։

Որեւէ մեկը չի հերքում այս կազմակերպության աջակցությունը եւ  հարգում է բոլորի անմեղության կանխավարկածը, բայց ինչպե՞ս կարող է մի կազմակերպություն հերքել, այսինքն՝ բացառել, որ իր տասնյակ աշխատակիցներից մեկ-երկուսը հնարավոր է Հայաստանում կամ Արցախում զբաղված լինեին  հանցավոր՝ լրտեսական գործունեությամբ։ Դե ինչ, «Հելո թրաստ», այսինքն՝ Բրիտանիա-Թուրքիա-Արցախ շղթայում լրտեսական գործունեության  վերաբերյալ   կասկածներ ու քրեական գործ։ Բայց սա ամենը չէ․ «Հելո թրաստ» կազմակերպությունն աշխատել է նաեւ  Սյունիքում՝ ԱՄՆ պետդեպարտամենտի հատկացրած դրամաշնորհով։ Սյունիքի հանդեպ ադրբեջանական նկրտումների ու Սյունիքում ստեղծված իրավիճակում սա պակաս չարագույժ չի հնչում։ 

Նշենք, որ այս կազմակերպությունը Սյունիքում ականազերծել է 100 հազար քառակուսի մետր տարածք եւ աշխատել է պաշտպանության նախարարության ականազերծման կենտրոնի հետ համատեղ։

Մենք կապ հաստատեցինք այդ կենտրոնի տնօրեն Ռուբեն Առաքելյանի հետ, որը հայտնեց․ ««Հելո թրաստ»-ը Հայաստանում աշխատել է ԱՄՆ պետդեպի կողմից տրված գրանտով, իրականացրել է ականազերծման աշխատանքներ Սյունիքի մարզում։ Մենք իրականացրել ենք այդ աշխատանքների որակի վերահսկողությունը»։ Իսկ Արցախի՞։ Ռուբեն Առաքելյան․ «Մենք՝ որպես պետական եւ որպես ազգային մարմին, մեր գործողությունների շրջանակը սահմանափակվում է ՀՀ ադմինիստրատիվ տարածքով»։

Հաշվի առնելով  Արցախում հարուցված քրեական գործը եւ Սյունիքի հանդեպ ադրբեջանական նկրտումներն ու վտանգները, այնուամենայնիվ, Հայաստանի Հանրապետության ԱԱԾ-ում նո՞ւյնպես չպետք է հարուցվի քրեական գործ։ Այս հարցով կրկին դիմեցինք ԱԱԾ, որտեղից էլ կրկնեցին․ «Այս պահի դրությամբ Արցախի դատախազությունը դիմել է Արցախի ԱԱԾ։ Այնտեղ արդեն պետք է ընթացակարգով նայեն։ Կոնկրետ այս պահի դրությամբ սա է հաստատված»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել