Սերգեյն Իջևանում էր ծնվել։ Կիսատ թողնելով ուսումը 2020 թվականի հունվարին զորակոչվել էր բանակ։ Մարտունի 2-ում էր ծառայում։
Արցախյան երկրորդ պատերազմի առաջին օրերից Սերգեյը կռվեց ամենաթեժ կետերում։ Առաջին անգամ հրաշքով փրկվեց, երբ թշնամին թիրախավորել էր նրանց մեքենան ու պայթեցրել։ Օրեր անց ընկերների հետ հայտնվեց շրջափակման մեջ, բայց 3 օր հետո կարողացավ այդտեղից էլ դուրս գալ։ Հետո հաջողացրել էր զենք-զինամթերքով բարձված թշնամական Ուրալը գրավել ու կրակահերթի տակ տեղափոխել հայկական կողմ։
Սերգեյն ինքն էր առաջնագծից զանգում հարազատներին ու հանգստացնում նրանց՝ ասելով, որ ինքը կռվի դաշտից հեռու է։ Հոկտեմբերի 23-ին զանգերը լռեցին... հավերժ լռեց նաև նա՝ վերջին կռիվը մղելով Ֆիզուլիում։ Սերգեյն ընկավ՝ այդպես էլ չիմանալով, որ իրենց դավաճանել են, նա այդպես էլ չիմացավ, որ կյանքը զոհեց մի պատերազմում, որի ելքը կանխորոշված էր հենց սկզբից։
Սերգեյ Մարատի Պետրոսյանի անունը մինչ օրս չկա զոհվածների ցուցակներում։
Նա ընդամենը 19 տարեկան էր։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել