Pastinfo.am-ը գրում է.

Արցախի խորհրդարանական ընդդիմության պատգամավորները մերժել են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրավերը՝ մասնակցելու Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստին՝ նշելով, որ տարօրինակ ձևաչափ էր ընտրվել։

«Ի՞նչ կապ ունեն պատգամավորներն ԱԽ նիստի հետ։ Ինքն ուզում է մարդկանց աչքերը ինչ-որ ձևով ծածկի, թե «տեսեք, իրականում ես ինչ լեգիտիմ եմ, նաև ինչ պարզ եմ ձեր առջև»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ Վերջինիս համոզմամբ՝ Արայիկ Հարությունյանը երկիրը ճգնաժամից դուրս բերել չի կարող, հենց Հարությունյանն է ճգնաժամի մեջ գցել Արցախը։

«Անցած տարի ինքը նոր դիմակ էր հագել ու ցույց էր տալիս, թե, իբր, նոր մարդ է, բայց նա ամենահին իշխանական թևից է և այն մարդն է, որ ստեղծեց քրեաօլիգարխիկ համակարգն Արցախում, որը կաշառակերության ամենաբարձր աստիճանը ստեղծեց Արցախում։ Ինքը տնտեսագետ է մասնագիտությամբ և միշտ ի օգուտ իր գրպանի է աշխատել»,- ասաց Հակոբյանը։

Պատգամավորի դիտարկմամբ՝ ԱՀ նախագահը հիմա քարոզարշավ է իրականացնում։ Հաճախ է գյուղեր այցելում, սակայն բացարձակ չի խոսում, որ պատերազմ է եղել, չի խոսում նաև այն մասին, թե ինչ վիճակում են արցախցիները։

«Ինքը միայն ասում է «պետք է շինարարություն անենք, հրատապ է, կազմեք բրիգադներ»։ Գուցե գյուղացին չի զգում այդ խորամանկությունը, բայց հասկանալի է, որ շինարարությունը ֆինանսներ կուտակելու ամենալավ ձևն է և ինքը չի խորշում նաև այդ ճանապարհով գնալ»։

Հակոբյանը հիշեցրեց նաև, որ փետրվարի 11-ին ԱՀ ԱԺ-ում 2021 թվականի բյուջեի մասին օրենքը հաստատվեց՝ 25 կողմ, 8 դեմ հարաբերակցությամբ։ Նախատեսված էր, որ տեղահանված հայրենակիցները մեկ տարվա աշխատավարձը ստանալու էին յուրաքանչյուր ամիս։ Ընդդիմությունը դեմ է քվեարկել՝ նկատելով, որ բյուջեն հափշտակելու նոր մեթոդներ են։ Օրեր առաջ կանխատեսումներն իրականացան՝ կառավարության որոշում է հրապարակել, որտեղ հայտնել են, որ տեղահանվածները վարձատրվելու են աշխատավարձի 50 տոկոսի չափով։

«Հարց՝ ուր է գնալու այն 50 տոկոսը, ինչպե՞ս պետք է ապրեն այդ մարդիկ։ Բոլոր համայնքապետերը զանգել և զգուշացրել, որ 50 տոկոս են մարդիկ վարձատրվելու։ Ամբողջ հանրությունը տեսավ, որ սոցիալական ծրագիր ունեցող բյուջե հաստատեցին ու կարճ ժամանակ անց փոխեցին։ Շոու անող մարդ է էլի»։

Հարցին, իր կարծիքով, ինչո՞ւ է Հարությունյանը ցանկանում երկարաձգել իր պաշտոնավարումը, արդյոք ցանկանում է անել նույն քայլերն ինչ ՀՀ վարչապետը, պատգամավորը նշեց, որ Հարությունյանն ավելի շատ բան է ուզում, քան Նիկոլ Փաշինյանը՝ ինքն ուզում է վերադասավորումներ։

«Պատերազմից ամիսներ առաջ ինքը չէր խորշում ամեն տեղ հայտարարել, որ հայ քաղաքական գործիչներից իր ճանաչած բոլոր ղեկավարներից ամենահայրենասերը, որին երբևէ ճանաչել է՝ Նիկոլ Փաշինյանն է։ Ամբողջ պատերազմի 44 օրերի ընթացքում նույն բանը ասում էր։ Պատերազմի ավարտից օրեր անց լրիվ հակառակ դիրքորոշումն էր բռնել և նույնիսկ զարմանում էր, որ իրեն հիշեցնում էին, իսկ ինքն ասում էր, որ նման բան չի եղել։ Բնականաբար այդ ֆոնի վրա ինքը գալիս էր Հայաստան, հանդիպում Նիկոլ Փաշինյանին, երկկողմանի խաղ էր, գնում էր Ռուսաստան, այնտեղ ուրիշ բան էր ասում»։

Հակոբյանի գնահատմամբ՝ Արայիկ Հարությունյանը վերադասավորումներ է անում, որ Հայաստանում ցանկացած ելքի դեպքում, կարողանա մնալ ղեկավարել նույնիսկ, եթե դա չի լինի իր սեփական դեմքով»։

«Հասկանելի է, որ իր դեմքով չի լինելու դա, բայց այնպես, որ ինքը վնաս կրի, այլ օգուտով նույնիսկ դուրս գա։ Իրականում է դա իր միտքը»։

Մինչդեռ Արցախում տարակուսած են՝ ինչու պարտված ղեկավարը պարզապես չի հեռանում։

«Նա խայտառակ պարտությունից հետո մնաց, երբ ասում էր, որ մի բան լինի ես ինքնասպան կլինեմ։ Ի դեպ, շատերն ասում են՝ ինչու է շարունակում ապրել ու ինքնասպան չի լինում։ 44 օր շարունակ գալիս էր այստեղ հիստերիկ հայտարարություններ էր անում պատերազմի հետ կապված, բայց տեսանյութ էր հրապարակում, թե ոնց է ինքը զինվորների հետ սուրճ խմում ու դրանով հաղթում։ Այդ օրերին մենք ինքներս մեր աչքի առաջ ենք տեսել ընթացքը։ Հոկտեմբերի երեքից բոլորի համար էր հասկանալի, որ այդ պատերազմը ոչ թե տանուլ է տրված, այլ վաճառված է»,- եզրափակեց Հակոբյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել