Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին:  

Քննարկվել են ետպատերազմյան իրողությունների հետ կապված հարցեր: Արցախի խորհրդարանի ղեկավարը բարձրացրել է Ադրբեջանում  գտնվող գերեվարված մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցը՝ առաջնային համարելով նրանց շուտափույթ հայրենիք վերդարձնելու հարցը: 

Եղիշե Կիրակոսյանը ընդգծել է,որ հարցը օրակարգում է, և ամեն ջանք գործադրվում է՝ գործընթացին նպաստելու համար:

Այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով: Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների ու պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովների անդամների  մասնակցությամբ  հանդիպմանը  ներկայացվել է միջպետական իրավական գործընթացը: Հայաստանը Եվրոպական դատարան է դիմել պատերազմի ժամանակ մարդու իրավունքների կոպիտ խախտումների, պատերազմական հանցագործությունների առնչությամբ: Փետրվարի 1-ին ներկայացվել է  «Հայաստանն  ընդդեմ  Ադրբեջանի»  միջպետական  գանգատը:

Խորհրդարանականների կողմից բարձրացվեց տեղահանված բնակիչների գույքային իրավունքների ու գերեվարված հայերի  ճակատագրի  հարցը:

Համապատասխան պարզաբանումներով հանդես եկան ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության  ներկայացուցչի տեղակալ, գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանն ու իրավական փորձագետ Իգոր Միրզախանյանը:

Հանդիպմանը  մասնակցում  էին ԱԺ նախագահը, փոխնախագահը և պատգամավորներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել